ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կայացավ Գիտական խորհրդի նիստը
04.07.2025
Կայացավ Գիտական խորհրդի նիստը

Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի, Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի, Արարատ Ղարիբյանի անվան հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնների վարիչների ընտրությամբ ՀՊՄՀ-ում մեկնարկեց Գիտական խորհրդի այսօրվա նիստը։

Առաջադրված թեկնածուներին, նրանց գիտամանկավարժական հարուստ գործունեությունը ներկայացրեց Գիտական խորհրդին կից հումանիտար մասնագիտությունների գծով հանձնաժողովի նախագահ Աելիտա Դոլուխանյանը։

Խորհուրդը լսեց նաև առաջադրված թեկնածուներին՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանին, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Սուրեն Դանիելյանին և Վազգեն Համբարձումյանին։ Ի դեպ, թափուր պաշտոններին հավակնող թեկնածուները ամբիոնների երկարամյա վարիչներն են։

Ուսման որակի հետևողական բարձրացում, գիտական նոր աշխատանքներ, գիտաժողովներ, վերապատրաստումներ, հոդվածների ժողովածուների տպագրություն, կադրային ներուժի զարգացում, համագործակցություն դպրոցների և գիտակրթական հաստատությունների հետ, միջազգային կապերի ամրապնդում և այլն․թեկնածուները ներկայացրին իրենց ծրագրային դրույթները, պաշտոնավարման նոր ժամանակաշրջանում անելիքները, հնարավոր համագործակցությունները։

Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով՝ Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը կշարունակի ղեկավարել Աելիտա Դոլուխանյանը, Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնը կզբաղեցնի ներկայիս պաշտոնակատար Սուրեն Դանիելյանը, իսկ Արարատ Ղարիբյանի անվան հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը՝ Վազգեն Համբարձումյանը։

Օրակարգային հաջորդ հարցը՝ ՀՊՄՀ շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման քննությունների արդյունքների մասին, ներկայացրեց Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը։ Պրոռեկտորը ներկայացրեց 47 մասնագիտական կրթական ծրագրերով հունիսի 15-ից հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում բուհում անցկացված առկա, հեռակա ուսուցման համակարգերի բակալավրիատի և առկա համակարգի մագիստրատուրայի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման քննությունների ընթացքը, դիտարկումներն ու նկատառումները, միաժամանակ, հաշվի առնելով հանձնաժողովների նախագահների առաջարկություններն ու դիտողությունները, Գիտական խորհրդի անդամների ուշադրությունը հրավիրեց մի շարք առանցքային հարցերի շուրջ։

Ի դեպ, ՀՊՄՀ-ի 2024-2025 ուստարվա ամփոփիչ ատեստավորմանը մասնակցել է 1653 շրջանավարտ։

«Ուսումնասիրվել են մանկավարժական մասնագիտական կրթական 25 ծրագրերից 17-ի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման քննությունների ընթացքում ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի համապատասխանությունը ՀՊՄՀ-ում բակալավրի ավարտական աշխատանքների կազմակերպման, իրականացման և գնահատման, մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգերի պահանջներին։ Ուշադրություն է դարձվել ընտրված թեմաների արդիականությանը, ՈԱՇ-ի, ՈՈՇ-ի համապատասխան մակադակներին, ՄԿԾ-ին թեմաների և աշխատանքների բովանդակության համապատասխանությանը, ուսանողի՝ ինքնուրույն հետազոտություն, տվյալներ մշակելու և հիմնավորված եզրակացություններ կատարելու, փաստարկման, ինքնաներկայացման, մասնագիտամանկավարժական խոսքային կարողությունների առկայությանը, կատարված աշխատանքի դրական կողմերին և տիպային թերություններին, ղեկավարների և գրախոսների կարծիքներին»,-նշեց Նաիրա Սաֆարյանը։

Գիտական խորհուրդը որոշեց կայանալիք նիստերում քննարկել ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների առաջարկություններն ու դիտարկումները, վերհանել առկա բացթողումները, կատարելագործել գործընթացը։

Գիտական խորհրդի անդամները լսեցին և ի գիտություն ընդունեցին նաև կառույցին կից մշտական հանձնաժողովների նախագահների հաշվետվությունները։

Գիտական խորհրդի քարտուղար Մարիամ Իսպիրյանը ներկայացրեց, իսկ խորհուրդը հաստատեց ներկայացված 7 թեկնածուական ատենախոսությունների թեմաները։ Նիստում երաշխավորվեց նաև հրատարակման ներկայացված ուսումնամեթոդական ձեռնարկները։

Գիտական խորհուրդը հաստատեց նաև ՀՊՄՀ հենակետային վարժարանի (ավագ դպրոցի) կանոնակարգը, ինչպես նաև վերաձևակերպեց նույն կառույցում վճարովի հիմուքներով ծառայությունների իրականացման հնարավորությունը։