Կայացավ ՀՊՄՀ-ի Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ Ամատունի Վիրաբյանի՝ “ОФИЦЕРЫ-АРМЯНЕ ПЕРВОЙ МИРОВОЙ ВОЙНЫ. ОФИЦЕРЫ АРМИИ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ 1914-1920” («Առաջին համաշխարհային պատերազմի հայ սպաները Հայաստանի Հանրապետության բանակի սպաները 1914-1920 թթ․») ստվարածավալ գրքի շնորհանդեսը։
Պատմական գիտությունների թեկնածու Սոնյա Միրզոյանի համահեղինակությամբ գիրքն ունի հանրագիտարանային նշանակություն։ Գրքում զետեղված են տեղեկություններ 1914-1918 թթ-ին Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ավելի քան յոթ հազար հայ սպաների մասին։
Ուսումնասիրությունները կատարվել են Հայաստանի ազգային արխիվի, ռուսական արխիվների, պատմական տարբեր աղբյուրների հիման վրա։
Շնորհանդեսի ներկաներին ողջունեց և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի հայրապետական օրհնությունը փոխանցեց Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Նա կարևորեց ստվարածավալ գրքի լույսընծայումը․ «Մենք մշտապես հպարտանում ենք մեր ձեռագրացուցակներով։ Այսօր ունենք զինվորացուցակ, որի ամեն մի զինվոր մեր կյանքում ունեցել է մասնավոր դեր, և այդ դերն իր կյանքի ավարտով չի ավարտվում»։
Սրբազանն այն կարծքին է, որ հատորյակի հրատարակությունը խորհրդանշական և ուսուցողական դեր ունի հատկապես հիմա՝ հետպատերազմյան շրջանում, երբ բոլորիս ցանկությունն է ունենալ հզոր և զինվորյալ բանակ, աննկուն և հաստատուն հույս՝ հայ ազգին արժանի հայրենիք ունենալու համար։
Ամատունի Վիրաբյանը խոստովանում է՝ այն տասնամյակների աշխատանք է, որ սկսել են դեռ նախորդ դարում։ Նպատակն էր ոչ միայն հայ սպաների կենսագրական տեղեկությունները և նրանց նվիրյալ գործունեությունը ներկայացնել, այլև հերքել այն թյուր կարծիքը, թե հայերը միայն արհեստավորներ կամ վաճառականներ են եղել և ռուսական կայսրությունում ապրել են միայն հարստանալու համար․ ռուսական բանակի կազմում ծառայել են մեծաքանակ սպաներ, հրաշալի զինվորականներ։
«Սա ունի սկիզբ, բայց ոչ վերջ, քանի որ աշխատանքներն այսօր էլ շարունակվում են։ Այս աշխատանքով մենք մոռացությունից փրկեցինք 7000 սպայի անուն, ներկայացվել են լուսանկարներ, որոնք երբևէ չեն հրապարակվել»,- նշում է հեղինակն ու հավելում՝ գրքի նպատակներից է նաև ցույց տալ, թե ինչպիսի հայ կադրային զինվորականություն ենք ունեցել, որոնց ավանդույթները պետք է շարունակել այսօր՝ հաղթելու գծով։