Այսօր Սկզբնական կրթության ֆակուլտետի Տարրական մանկավաժություն և մեթոդիկա բաժնի 1-ին կուրսի ուսանողները հանդես եկան հաշվետու համերգով ՝ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացնելով ուսումնառության 1 տարվա աշխատանքի արդյունքը:
Համերգի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Խաչատուր Ավետիսյանի, Ալեքսեյ Հեքիմյանի, Սայաթ-Նովայի, Վլադիմիր Շաինսկու և այլոց հայտնի, սակայն քիչ հնչած ստեղծագործությունները։
Խմբավար, Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի դոցենտ Վաչագան Նավասարդյանը տարիներ շարունակ 1-ին կուրսերի ուսանողների հետ իր աշխատանքն ամփոփում է նման ձևաչափով՝ համերգ-ստուգատեսով։
Վաչագան Նավասարդյանը խոստովանում է՝ ընթացիկ տարին բարդ էր․ մաեստրոն վստահ չէր, որ հիբրիդային ձևաչափով անցկացվող դասընթացներն արդյունավետ կլինեն, սակայն ուսանողների հետ միասին լուրջ աշխատանք տարվեց։
Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի նորանշանակ վարիչ Արմենուհի Մանուկյանը կարևորեց արդեն ավանդական դարձած համերգ-ստուգատեսը։
Բարձր գնահատելով Վաչագան Նավասարդյանի աշխատանքը՝ ամբիոնի վարիչը հույս հայտնեց, որ առաջիկայում Սկզբնական կրթության ֆակուլտետը կունենա ուսանողներից բաղկացած իր առանձին երգչախումբը։
Արմենուհի Մանուկյանը հավելեց, որ մեկ տարվա աշխատանքի հիմնական և կարևոր գնահատականը կլինի ելույթներից ծնված ժպիտները։