ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կայացավ «Հյուպատոսական գրառումներ» գրքի շնորհանդեսը
27.04.2023
Կայացավ «Հյուպատոսական գրառումներ» գրքի շնորհանդեսը

ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետում կայացավ ՀՀ-ում Սերբիայի պատվո հյուպատոս, գրող, բանաստեղծ, թարգմանիչ Բաբկեն Սիմոնյանի «Հյուպատոսական գրառումներ» գրքի շնորհանդեսը:

Այն կազմակերպվել էր ՀՊՄՀ Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանի նախաձեռնությամբ։

Օրագրության ժանրով գրված գրքում ներկայացված է ինչպես գրողի հյուպատոսական բեղուն գործունեությունը, այնպես էլ այն ժամանակը, որում ապրել և ստեղծագործել է հեղինակը:

«Վերջին տարիներին ավելի հայրենասիրական գիրք, քան սա, չեմ կարդացել»,- նշեց պրոֆեսոր Դոլուխանյանը, համեմատելով Բաբկեն Սիմոնյանի գործունեությունը Մուրացանի «Գևորգ Մարզպետունու» գրքում շարադրված անցքերի հետ և նրա մասին սերբ հոգևոր առաջնորդներից մեկի խոսքերը մեջբերելով․ «Բաբկեն Սիմոնյանը մի ամբողջ ակադեմիայի գործ միայնակ է անում»:

Բանախոսն իր ելույթում անդրադարձավ Բաբկեն Սիմոնյանի կենսագրությանը, գրական, թարգմանական, հասարակական, ինչպես նաև դիվանագիտական հայրենանպաստ գործունեությանը, ընդգծելով՝ նա իր բոլոր հանդիպումներին, միջազգային ելույթներում բարձրաձայնել է հայ և սերբ ժողովուրդների խնդիրները:

«Շատ ուրախ եմ, որ կրկին Բանասիրական ֆակուլտետում եմ։ Այս գիրքը պատվո հյուպատոս դառնալուց հետո իմ գործունեության ժամանակի վավերագրությունն է: Ապագա սերունդները կհանդիպեն ինձ այս գրքում»,- նշեց Բաբկեն Սիմոնյանը։

Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանն էլ գրքի շնորհանդեսը հայրենասիրական կարևոր դաս համարեց ներկաների համար։

Միջոցառման ընթացքում հնչեցին սերբական երգեր, ինչպես նաև Բաբկեն Սիմոնյանի խոսքերով գրված ստեղծագործություններ:

Շնորհանդեսին ներկա էին նաև Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 2 դպրոցի մի խումբ աշակերտներ և ուսուցիչներ․ֆակուլտետը վերջին շրջանում սերտորեն համագործակցում է դպրոցի հետ։