«Այն, ինչ այսօր բեմի վրա կտեսնեք, մեր բոլորի ցավն է, իմը, ձերը։ Տղաները, որոնք 44-օրյա պատերազմում հերոսացան, բոլորն իմն են, մերն են,- «Ինձ հետ կանչեք, և ես կգամ» ներկայացման պրեմիերայի բացման խոսքում ասաց բեմադրող ռեժիսոր, Մանկավարժական համալսարանի ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր Աիդա Հովհաննիսյանը, և շարունակեց,- այսօրվա բեմադրությունը բոլորի մասին է, թեև նվիրված է հերոս Արեն Հովհաննիսյանին, և պիեսի հիմքում նրա որոշ մտքեր են, որոնք երիտասարդն այդպես էլ չհասցրեց իրականացնել»։
Բեմադրիչը խոստովանում է՝ դժվար գործ էր․ ներկայացումը մեր ողբի մասին է: Դժվար էր նաև երիտասարդների կերպարներում հանդես եկող դերակատարների համար։ «Սա պատմություն է Աշոտների, Տիգրանների, Արամների, Արթուրների և մյուս բոլոր տղաների մասին։ Եվ եթե սերը անուն ունենար՝ ես նրան կկոչեի Արեն»,-հավելեց Հովհաննիսյանը:
«Ինձ հետ կանչեք, և ես կգամ» ներկայացման մեջ պատերազմ չկա. պատերազմը երիտասարդների հոգիներում և մտքերում էր։ Գլխավոր հերոս Արենին մարմնավորող Գոռն էլ հայրենասիրության ու հայրենակարոտության վառ օրինակ էր բեմի վրա՝ իր կեցվածքով, խոսքով, մտածելակերպով։
Նա մարմնավորում էր բոլոր այն տղաներին, որոնք նահատակվեցին 44-օրյա պատերազմի օրերին՝ տալով ամենաթանկը՝ իրենց կյանքը:
Ներկայացման սկզբում Վերջին զանգն էր․ պատանեկական աշխույժ միջավայրում յուրաքանչյուր դպրոցական իր կերպարի մեջ է՝ բնական ու գեղեցիկ։ Նրանք խոսում են բուհ ընդունվելու, ընտանիք կազմելու, հայրենիքի համար պիտանի մարդ դառնալու իրենց երազանքների մասին։
Արենի հերոսը նույնպես երազանքներ ուներ՝ սիրած աղջկա հետ ընտանիք կազմել, կառուցել մեծ ու լուսավոր տուն, շատ զավակներ ունենալ։ Սիրահար պատանիների երազանքները, սակայն, անկատար մնացին. պատերազմը փոխեց իրերի ընթացքը, խլեց սիրելիներին՝ թողնելով ցավ ու տառապանք:
«Ինձ հետ կանչեք, և ես կգամ» ներկայացմանը ներկա էին նաև Արեն Հովհաննիսյանի ծնողները, հերոսածին մայրեր:
Ռեժիսոր Աիդա Հովհաննիսյանը ներկայացման մեջ օգտագործել էր խորհրդաշական սև ու սպիտակ կտորներ, զինվորական շապիկներ։ Հուզիչ տեսարանները փոխարինում էին իրար՝ մի կողմից՝ պատերազմի տխուր կոլորիտի մեջ առնելով ներկաներին, մյուս կողմից՝ ամրացնելով հոգիները՝ չպետք է հանձնվել, պետք է դիմակայել ցավին ու նորից կանգնել, շենացնել հայրենի հողը։ Վերջում հանդիսատեսը բեմում տեսավ նաև Արենի մորը՝ Մելինե Հակոբյանին, որը նախագծի պատասխանատուն էր և որդու մասին բեմադրության մեջ իր որոշակի ներդրումն էր ունեցել։
Ռեժիսորի ամփոփիչ ելույթը կրկնություն չէր, այլ ներկայացվածի իմաստավորում՝ «եթե սերը անուն ունենար՝ ես նրան կկոչեի Արեն…»։
Ներկայացումը կայացավ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի բեմում՝ Աիդաարտ թատրոնի, Պատանեկության ստեղծագործական կենտրոնի և Հայկական պետական մանկավարժական համալսարանի համագործակցությամբ։