ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կայացավ «Լեզվաբանական տերմինների ուսումնական բառարան»-ի շնորհանդեսը
10.12.2021
Կայացավ «Լեզվաբանական տերմինների ուսումնական բառարան»-ի շնորհանդեսը

«Լեզվի հարցերին նվիրված իմ աշխատանքները հենվում են երկու հիմքի վրա՝ գրաբարի և լեզվաբանության իմացության. գրաբարը տալիս է լեզվական ատաղձը, իսկ լեզվաբանությունը՝ մեթոդաբանությունը: Այս երկուսի իմացությունը դառնում է այն բանալին, որ կարողանում է բացել «լեզվական դղյակի» ցանկացած դուռ»,-այսօր ՀՊՄՀ Գիտական գրադարանի նախաձեռնությամբ կազմակերպված «Լեզվաբանական տերմինների ուսումնական բառարան»-ի շնորհանդեսին նշեց գրքի հեղինակ Լալիկ Խաչատրյանը:

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը նկատում է՝ լեզվի նկատմամբ հոգածությունը գիտական հիմքի վրա դրեց Մխիթար Սեբաստացին, և այդպես էլ շարունակվեց:

«Մխիթարյաններից միչև Լեզվի պետական կոմիտե՝ բոլորս լծված ենք մեր լեզվի անաղարտությունը պահելու հարցերին, բայց դրան պիտի լծվեն նաև մասնագիտական ամբիոնները»,-հավելեց պրոֆեսորը:

Լալիկ Խաչատրյանը հիշեցրեց, որ Ֆրանսիայի ակադեմիան կոչված է ֆրանսերենի պահպանմանը, ավելի վաղ, Հռոմեական սենատում ոճաբանն ուղղում էր անգամ կայսերը: Այդպես էլ մենք պիտի վերաբերվենք մեր լեզվին:

Բառարանում տրված է լեզվաբանական տերմինների բացատրությունը` թեմատիկ (փնջային) եղանակով. յուրաքանչյուր տերմին մեկնաբանվում է բովանդակային համակողմանի ընդգրկումով, որ բառարանին հաղորդում է ուսումնական ձեռնարկի արժեք, լեզվաբանական տերմինները տրվում են ըստ բնագավառների, կա նաև լեզվաբանական տերմինների ցանկ:

Շնորհանդեսին ներկա էին ոլորտի առաջատար մասնագետներ, բուհի ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը, պրոռեկտորները, լեզվաբաններ, մտավորականներ, ներկա և նախկին ուսանողներ:

«Այսքան արժանապատիվ մարդկանց ներկայությունը վկայում է համալսարանի գիտական եռուզեռի մասին: Պատմականորեն փոխանցվել է՝ մարդուն գնահատել տարիներ անց և նրա երախտիքը ներկայացնել ապագա սերունդներին: Կարծում եմ՝ մեր պարտքն է այսօր գնահատել, մեծարել մեր կողքին ապրող, արարող մարդկանց և ցույց տալ գալիք սերունդներին, որոնք էլ շարունակական գործընթացով այն դարձնեն ժամանակի մեջ իր բովանդակությունը չկորցնող կարևորագույն խնդիր»,-նշեց ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Աշոտ Խոեցյանն ու հավելեց՝ պրոֆեսոր Լալիկ Խաչատրյան գիտնականը բարի համբավ ունի մասնագիտական լայն շրջանակներում, գիտնականի համար ծաղկուն տարիքում է և դեռ շատ սպասելիքներ կան նրանից։

Պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանն էլ նկատեց՝ Լալիկ Խաչատրյանը մշտապես կարողանում է լեզվաբանությունը ներկայացնել հայագիտության բարդ համակարգում, իսկ նրա հեղինակած գրքերը մեծ հետաքրքրություն են առաջացնում միջազգային գիտաչափական շտեմարաններում:

Գրքի խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Գյուրջինյանն իր ելույթում նկատեց՝ լեզվաբանական, այդ թվում՝ ուսումնական գրականությունը, համալրվեց ևս մեկ կարևոր աշխատությամբ: Բառարանը նախատեսված է հումանիտար ֆակուլտետների ուսանողների, բուհական համակարգի մասնագետների, լեզվաբանների և, առհասարակ, բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են լեզվի և լեզվաբանության հարցերով.«Այն տարբերվում է նախորդներից.լեզվաբանության յուրահատուկ ձեռնարկ է, որտեղ տերմինները տրվում են ըստ լեզվաբանության ուսումնասիրության բաժինների և ենթաբաժինների»:

ՀՀ ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտեի նախագահ, լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը ներկայացրեց գրքի կառուցվածքն ու նկատեց՝ որպես հետաքրքրական ու ընդգրկուն բաժին, առանձնացրել է բառարանագիտությունը, որում հիշատավում են տասնյակ բառարաններ, նաև այնպիսիք, որոնք չկան հայ իրականության մեջ:

Դավիթ Գյուրջինյանը ընդգծեց` Լալիկ Խաչատրյանի առաջին գիրքը, որը լույս էր տեսել դեռևս 1985 թվականին, երբ նա գիտությունների թեկնածու էր, բերեց այսօրվա հանգրվանին. սա երկար տարիների քրտնաջան աշխատանքի և կուտակումի արգասիք է.«Պրոֆեսորը կարողանում է համագործակցել, լսել, ընդունել, հակադրվել.սա ևս կարևոր հատկանիշ է գիտական կյանքում»,-հավելեց բանախոսը:

Ի դեպ, ուսումնական բառարանի գաղափարը Լալիկ Խաչատրյանին տվել է հենց Դավիթ Գյուրջինյանը:

«Կրթություն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մինասյանը «Լեզվաբանական տերմինների ուսումնական բառարան»-ը կոթողային աշխատություն համարեց, գրախոսող, բանասիրական գիտությունների դոկտոր, պորֆեսոր Վաղարշակ Մադոյանն էլ նկատեց՝ գրքին հավելյալ արժեք է հաղորդում այն, որ հիմքում դրված են մեթոդներ.հեղինակը ընտրել է այն, ինչ օգտակար է և գործածելի.«Ազգային լեզու ստեղծում են ոչ թե բաժանելով, այլ միացնելով, որով էլ առաջնորդվում է ուսումնական և գիտական ձեռնարկի հեղինակը»:

«Հայ բառարանագրությունը հարուստ է և երկար ճանապարհ է անցել, ստեղծվել են իրենց ժամանակի մեջ կոթողային մեծարժեք աշխատություններ և դրանց կողքին դժվար է ստեղծել նոր, առավել արժեքավոր գործեր: Երկար տարիքների քրտնաջան աշխատանքի շնորհիվ Լալիկ Խաչատրյանին հաջողվել է ստեղծել նման ձեռնարկ, որը տարբերվում է կառուցվածքով և գիտական արժանիքներով չի զիջում նախորդներին»,-գրքի շնորհանդեսին նշեց ԵՊՀ Ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, դոցենտ Վարդան Պետրոսյանը:

Վերջինս նկատեց՝ յուրաքանչյուր գիտնականի կենսագրության մեջ կան շրջադարձային աշխատանքներ.բառարանը Լալիկ Խաչատրյանի գիտական կենսագրության այդ էջն է:

Լալիկ Խաչատրյանի համակուրսեցի Վրեժ Սարուխանյանն էլ հիշեց ուսանողական տարիները, երբ բոլոր խնջույքներն անավարտ էին մնում Լալիկ Խաչատրյանի համար․ նա գերադասում էր սովորել, կրթվել, իսկ իրենք դեռ 52 տարի առաջ Խաչատրյանին կնքել էին պրոֆեսոր անունով, ինչը տարիներ հետո պիտի հաստատվեր պրոֆեսորի կոչմամբ։

Պրոֆեսորի  նախկին ուսանող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ  Քնարիկ Աբրահամյանը ձեռնարկը կարևորեց նաև հայագիտության տեսանկյունից: Նկատում է՝ ուսանողները շատ հաճախ դժվարությամբ են գիտական խոսք կառուցում և օգտվում բառարաններից.գիրքը կօգնի լրացնել բացը:

Բանասիրական ֆակուլտետի մագիստրոս  Լիլիթ Դանիելյանն էլ հավելեց՝ «Լեզվաբանական տերմինների ուսումնական բառարան»-ը  համակարգված ձևով ներկայացնում է լեզվաբանական գիտության առանցքային հարցերը և մեծապես կարող է նպաստել, ինչպես հայագիտական, այնպես էլ լեզվաբանական առարկաների յուրացմանը.«Պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանի կազմած ձեռնարկն օգտակար է ինչպես ուսանողների, այնպես էլ  հայագիտական առարկաներ դասավանդողների, ուսուցիչների համար»: