ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կայացավ «Մանկական նվագարանների անսամբլ»-ի համերգը
02.12.2016
Կայացավ «Մանկական նվագարանների անսամբլ»-ի համերգը

Այսօր Մանկավարժական համալսարանի Սկզբնական կրթության ֆակուլտետի Մանկավարժություն և մեթոդիկա տարրական կրթություն բաժնի 2-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ կայացավ «Մանկական նվագարանների անսամբլ»-ի համերգը:

Անսամբլը ձևավորվել է Երաժշտության մանկավարժության ամբիոնի դոցենտ Անահիտ Գևորգյանի, ասիստենտ Աննա Ադամյանի, Նախադպրոցական մանկավարժության ամբոինի դասախոս Աննա Սիմոնյանի նախաձեռնությամբ. ի դեպ, անսամբլում ընդգրկված ուսանողների մեծ մասը երաժշտական կրթություն չունի:

Համերգի ընթացքում նրանց կատարմամաբ հնչեցին Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Անատոլիյ Լյադովի, Սերգեյ Ռախմանինովի, Անխել Վիլլոլդոյի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները. անսամբլի ելույթն ամփոփվեց Արամ Խաչատրյանի «Վալս»-ով:

«Հաշվի առնելով երաժշտության դասավանդման մեթոդիկա առարկայի շրջանակներում ուսանողների հետաքրքրությունը նվագակցող գործիքների նկատմամաբ, ինչպես նաև հետևելով 20-րդ դարի գերմանացի կոմպոզիտոր, երաժիշտ-մանկավարժ Կարլ Օրֆի մեթոդիկային, որի հիմքում ընկած է մանկական նվագարաններով կատարումը որպես երաժշտական գործունեության տեսակ, ստանձնեցինք մանկական նվագարանների անսամբլի ստեղծման աշխատանքները»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Անահիտ Գևորգյանը:

Աննա Սիմոնյանն էլ նկատեց, որ նվագարանները կարևոր դեր ունեն երեխաների ուսումնադաստիարակչական աշխատանքում. հետաքրքրություն ու սեր են առաջացնում երաժշտության նկատմամբ, հաղորդակից դարձնում կատարողական արվեստին, օգնում զարգացնել նրանց երաժշտական ունակություններն ու կարողությունները.«Նվագելով՝ երեխան ավելի լավ է զգում երաժշտության բնույթը, տեմպը, ռիթմը, հնչյունների բարձրությունների փոխհարաբերությունը, երաժշտության կառուցվածքը և, վերջապես, երաժշտական կերպարը: Նվագելը նաև աշխուժություն և հետաքրքրություն է առաջացնում, բարձրացնում է երեխաների տրամադրությունը, դյուրացնում է նյութի յուրացումը»:

Ձեռնարկի հատուկ հյուրերը ՀՊՄՀ-ի №57-ի դպրոցի 1-ին դասարանի աշակերտներն էին, որոնք մեծ հետաքրքրությամբ ունկնդրեցին մանկական նվագարանների անսամբլի ելույթը: