Կայացավ Հայաստանի մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիայի հերթական նիստը։ Օրակարգի առաջին հարցը Ակադեմիայի թղթակից անդամների ընտրությունն էր․ բաց քվեարկությամբ՝ Երևանի N 104 հիմնական դպրոցի տնօրեն, ՀՊՄՀ դոցենտ Նաիրա Մարտիրոսյանն ու Երևանի N 8 մանկապարտեզի տնօրեն Կարինե Հովակիմյանը համալրեցին գիտական կառույցի կազմը։
ՀՊՄՀ-ի ռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը հիշեցրեց՝ Ակադեմիայի անդամ են դառնում մանկավարժության, հոգեբանության ոլորտների, ինչպեն նաև մեթոդիկայի հարցերով զբաղվող գիտնականներ, որոնք իրենց ոլորտում ունեն լուրջ ներդրումներ, նպաստում են կրթության ոլորտի բարեփոխումներին և այն խնդիրների լուծմանը, որոնք ծառացած են մեր երկրի կրթության բնագավառում։
Ընտրված թեկնածուները շնորհակալություն հայտնեցին և մեծ պատիվ համարեցին Հայաստանի մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիային անդամակցելը․ խոստացան՝ մասնագիտական գործունեությամբ, աշխատանքով պատրաստ են նպաստել Ակադեմիայի առաջնահերթություններին և մեր երկրում գիտության զարգացմանը։
Նիստում հանձնվեցին նաև կրծքանշաններ․ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը ներկայացրեց ՀՊՄՀ պրոֆեսոր Լեմս Ներսիսյանի հեղինակած կրծքանշանի ստեղծման պատմությունն ու դրանք հանձնեց Ակադեմիայի անդամներին։