ՀՄՊՀ-ի արտասահմանյան գրականության ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվեց ավանդական դարձած միջբուհական գիտագործնական գիտաժողովը:
Գիտաժողովին մասնակցում էին ՀՊՄՀ-ի, Բրյուսովի անվան ԵՊԼՀ, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի դասախոսները, ինչպես նաև բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները: Մանկավարժականից զեկույցներով հանդես եկան բ.գ.դ., պրոֆեսոր Ռուզան Թադևոսյանը, բ.գ.թ. Քրիստինե Բեջանյանը, Իննա Սարկիսյանը, ռոմանոգերմանական և հեռուստառադիոլրագրության ամբիոնների ասիստենտներ Գայանե Վարդազարյանը և Ռուզաննա Ասատրյանը և այլք:
Գիտաժողովի ուշադրության կենտրոնում էին համաշխարհային գրականության, միջազգային գրական կապերի, գեղարվեստական թարգմանության, ինչպես նաև մշակույթների տիպաբանական-համեմատական ուսումնասիրման մի շարք արդիական հարցեր: Զեկույցները հետաքրքրություն առաջացրին ներկաների շրջանում, հնչեցին հարցեր, ներկայացվեցին տեսակետներ:
Գիտաժողովի նյութերը լույս կտեսնեն առանձին ժողովածուով, որը տպագրության է հանձնվել Օտար լեզուների ֆակուլտետի խորհրդի որոշմամբ: Դրանում արտացոլված են համեմատական գրականագիտության և գրականության պատմության ոլորտում զեկուցողների իրականացրած հետազոտությունների արդյունքները:
Հոդվածների հեղինակների ուշադրությունը սևեռված է հիմնականում համաշխարհային գրականության դասականների ստեղծագործական ժառանգության, թարգմանության տեսության, գրական կապերի, ինչպես նաև մի շարք այլ արդիական հարցերի վրա: Նշյալ հետազոտությունների գիտական արժեքը կայանում է նաև նրանում, որ դրանցից շատերը ներկայացնում են նախկինում լույս չտեսած նյութեր: Արտասահմանյան գրականության ամբիոնի նախաձեռնությամբ տպագրվող գիտական աշխատանքների ժողովածուի 11-րդ համարը աչքի է ընկնում վերլուծության ենթարկված խնդիրների բազմազանությամբ և ուղղված է ուսանողներին, ասպիրանտներին, բանասերներին, ինչպես նաև նշյալ խնդիրներով հետաքրքված ընթերցողներին: