ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կայացավ Սուրեն Դանիելյանի գրքի շնորհանդեսը ․․․
13.12.2023
Կայացավ Սուրեն Դանիելյանի գրքի շնորհանդեսը ․․․

ՀՊՄՀ Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի և «Սփյուռք» կենտրոնի նախաձեռնությամբ կայացավ «Oշականի ստեղծագործական հիմնախնդիրները. մեկնութիին և «Մանրուքներ»» գրքի շնորհանդեսը:

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանի գիրքը նվիրված էր Հակոբ Օշականի ծննդյան 140-ամյակին: Ներկա էին գերատեսչությունների ներկայացուցիչներ, գրականագետներ, գրողներ, մտավորականներ, դասախոսներ, ուսանողներ:

Օշականագետ Գրիգոր Հակոբյանին աշակերտած Մայր աթոռի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն հայր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանն իրեն երջանիկ մարդ է համարում, քանզի իր ուսուցչի միջոցով ծանոթացել է արևմտահայ գրականության վիթխարի քրմապետի հետ․ «Եզակի անձնավորություն էր Օշականը՝ իր խառնվածքով, բուռն, երբեմն չհասկացվածությամբ, բայց նաև հետաքրքիր, որը պահանջում է մտքի սևեռվածություն, հոգու ներդաշնակություն, սուզվելու նրա երկերի ծով ալիքների մեջ, բայց այնտեղից հաղթանակած դուրս գալու առավել ամրացած ինքնությամբ և հայկականությամբ»:

Հայր Զաքարիան խոսեց մեր օրերում «մտածող մարդու ժգնաժամի» մասին, երբ «խավարը փորձում է տիրել լույսին», բայց, ինչպես նկատում է՝ նման շնորհանդեսները վկայությունն են, որ մենք ուզում ենք ապրել ու ճանաչել մեր նախնիներին ու մեր ինքնությունն առավել մանրամասն: Նա գրքի հրատարակությունը հաղթանակ է համարում և այո՝ կյանքին, ոչ խավարին: Նկատում է՝ Սուրեն Դանիելյանն այն եզակի մարդկանցից է, որ հավատամքի նման պահպանում է դասական ուղղագրությունն ու անսահման սեր տածում մեր գրականության գոհարների հանդեպ:

ՀՊՄՀ պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը պատահականություն չի համարում, որ սփյուռքահայ գրականության ակունքներում կանգնած մեծագույն ուսուցիչներից մեկի՝ Հակոբ Օշականին նվիրված բազմածավալ գրքի հեղինակը մանկավարժականի պրոֆեսոր Սուրեն Դանիելյանն է։ Նկատում է՝ պրոֆեսորի տեսադաշտում Հակոբ Օշականի գրականությունը կայուն նախասիրություն է. նախ, իբրև Սփյուռքի գրականության դասավանդման կարեւոր մի օղակ, ապա նաև գիտական հետաքրքրություն, որ գալիս է դեռ 1990-ականների սկզբից․ «Գիրքը շարադրվել է 2019-2023 թթ. Ընթացքում, իսկ մինչև այդ, հայրենական ու Սփյուռքի ամենատարբեր պարբերականներում և հեղինակի գրքերում տեղ են գտել Օշականին վերաբերող առանձին հարցադրումներ»,-նշեց նա:

Պրոռեկտոր Իսպիրյանն անդրադարձավ նաև մենագրության բովանդակային ու կառուցվածքային ուղղություններին՝ շեշտելով կարևոր առանձնահատկությունները։

Շնորհանդեսին ներկա ԿԳՄՍ գրահրատարակչության մասնագետ, ՀՊՄՀ շրջանավարտ Արմեն Սարգսյանը գրքի հրատարակությունը մեր գրաքննադատական մտքի զարգացման, գրահրատարակչության և գրականագիտական մտքի պատմության մեջ նշանակալի գործ է համարում․ «Եթե համեմատենք լաբիրինթոսի հետ, գրականությունն ասես կողմնացույց լինի, որը մեզ ցույց է տալիս երթի ուղղությունը»,-նշեց նա:

Գիտական շքեղ հրատարակության առթիվ ներկաներին շնորհավորեց նաև ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Հերիքնազ Որսկանյանը։ Բանախոսը նկատում է՝ պրոֆեսորը կարողացել է հատել ժամանակի սահմանները և բացահայտել «արձակագրի ապրած տառապանքի հայտնությունը»։ Նրա դիտարկմամբ՝ գիտական հանրության առջև է դրվել խորահայաց մի ուսումնասիրություն, որ առաջադրված հիմնախնդիրների համակողմանի քննությամբ արժեքավոր է և կունենա հաջորդիվ ուսումնասիրություն․ գերխիտ է գրականագետի ասելիքը։

Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանն էլ արժևորեց պրոֆեսոր Դանիելյանի՝ մտավորականի, գիտնականի, մանկավարժի գործունեությունն ու դերակատարումը։

Շնորհանդեսին ելույթ ունեցողներն ընդգծեցին հայաստանյան իրականության մեջ մենագրության անհրաժեշտությունը, իսկ Սուրեն Դանիելյանին համեմատեցին սահմանին կանգնած այն պահնորդի հետ, որը նայում է, թե Հայաստանի սահմանից դուրս՝ սփյուռքում ինչ է կատարվում։

Գրքի հեղինակ Սուրեն Դանիելյանի ակնկալիքներն արդարացված են․ Օշականը ներկայացված է որպես գրական ճանաչողության մեջ երկու զուգադիր սահմանների մերձեցան հնարավորություն և Հակոբ Օշականի ճանաչողությունը մեր աշխարհում արմատավորելու խնդիր․«Չափազանց դժվար է երկխոսություն ձևավորելը սերունդների միջև, գրական աշխարհների միջև, մարդկանց միջև»,-շնորհանդեսին նշեց պրոֆեսորը՝ նկատելով, որ Օշականը բացել է իր առջև գրականության նշանակությունը՝ իբրև գերխնդիր, իբրև ճանաչողություն․«Օշականն իսկապես փոխեց մեր պատկերացումների ավանդական կարգը։ Այսօր նրան ճանաչելու համար պարզապես պետք է ընթերցել»,- ամփոփեց նա։