Մանկավարժական համալսարանում կայացավ Գիտական խորհրդի տարեվերջյան նիստը։
Բուհի վարած քաղաքականության, ուսումնագիտական ոլորտի գործընթացներին, ձեռքբերումներին և նորարարություններին գիտական խորհրդի անդամները ծանոթացան Լրատվության և հանրության հետ կապերի կենտրոնի պատրաստած տեսաֆիլմից։
Համալսարանում ընթացիկ տարում իրականացված աշխատանքների և 2024 թվականի բյուջեի մասին զեկուցեց ռեկտոր Սրբուհի Գևորգյանը։ Ներկայացնելով ֆինանսական մուտքերի և ելքերի համեմատականը՝ ռեկտորը դրական համարեց, որ վերջին 4 տարվա համեմատությամբ ընթացիկ տարում գրանցվել է մուտքերի ամենաբարձր ցուցանիշը․ «Ինչպես նախորդ տարիներին՝ առաջատար են բարձրագույն և հետբուհական համակարգից մուտքերը, ապա պետական բյուջեից հատկացումները։Այս տարի կտրուկ աճել եմ միջազգային դրամաշնորհային ծրագրերի մուտքերը, ինչև ևս բուհը դրական է գնահատում»,- նշեց նա։
Սրբուհի Գևորգյանը նկատեց՝ պատշաճ ուսումնական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ է պարբերաբար նոր տեխնիկայի և գույքի ձեռքբերում, առկա միջավայրում արդի ուսումնական պայմանների ապահովում, ինչը ևս ֆինանսական ներդրումներ է պահանջում։ Բուհի ղեկավարը հավելեց՝ ինչպես նախորդ տարի, այս տարի ևս դժվար է խոսել ֆինանսական խնայողությունների մասին, բայցև կարևորեց արդյունավետ հաշվարկն ու ծախսը՝ ի շահ որակյալ կրթության և բուհի կայունության․ «Դժվար է խոսել ֆինանսական խնայողությունների մասին, սակայն կարևորում ենք միջոցներն արդյունավետ հաշվարկելը։ 2024 թվականի նախահաշիվը համապատասխանում է իրատեսական պլանավորումներին և անհրաժեշտ է բուհի բնականոն գործունեությունն ապահովելու համար»,-նշեց նա։
Գիտական խորհրդի անդամներին ռեկտոր Գևորգյանը ներկայացրեց 2024 թվականի հաստիքացուցակը և կառուցվածքային փոփոխությունները՝ նշելով, որ այդ փոփոխությունները կապված են համալսարանի առաքելության, որդեգրած ռազմավարության, ապագա մանկավարժների պատրաստելու ժամանակի հրամայականի, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում կատարված ուսումնասիրություններով և հետազոտություններով։
Ռեկտորը նշեց, որ առաջիկայում կբարձրացվի դոկտոր-պրոֆեսորների, դեկանների և ամբիոնների վարիչների աշխատավարձերը, ինչպես նաև տեղեկացրեց, որ Պատմության թանգարանն այսուհետ կկոչվի ՀՊՄՀ Պատմության թանգարան, իսկ Գիտական գրադարանը՝ Գրադարան։
Գիտական խորհուրդը 2023 թվականին համալսարանում իրականացված աշխատանքներն ու 2024 թվականի բյուջեի նախահաշիվն ընդունեց ի գիտություն։
Գիտական խորուրդը դրական գնահատեց ՀՀ ԿԳՄՍՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ բազային ծրագրերի մասին զեկույցը, որը ներկայացրեց Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Կամո Վարդանյանը։
Նա անդրադարձավ 2023 թվականին ՀՀ ԿԳՄՍՆ և ԳԿ-ի կողմից ֆինանսավորվող գիտահետազոտական ինստիտուտների գործունեությանը, իրականացրած մեծածավալ աշխատանքներին, այդ թվում՝ տպագրական, ինչպես նաև ֆինանսավորվող ծրագրերի քանակին ՝ ըստ տարիների։
Կամո Վարդանյանը տեղեկացրեց, որ Կենսաբանական ակտիվ միացությունների ինստիտուտի երիտասարդ ասպիրանտը ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Ասպիրանտների աջակցություն ծրագիր 2023»-ում արժանացել է գրանտի, իսկ նույն լաբորատորիայի աշխատակիցը «Երիտասարդ գիտնականների վերապատրաստում արտասահմանում» մրցույթի արդյունքում՝ վերապատրաստում կանցնի արտերկրում։
Սրբուհի Գևորգյանը վստահեցրեց՝ բուհը պատրաստակամ է շարունակել ֆինանսական օժանդակությունը և հորդորեց առավել ակտիվ լինել գիտական բոլոր ուղղություններում՝ խրախուսելով բուհի երիտասարդ գիտնականների, հետազոտողների գործունեությանը։
Ավանդույթի համաձայն՝ բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը շնորհավորեց ամսվա հոբելյարներին, հանձնեց դոցենտի վկայականներ, իսկ գալիք նոր տարվա առթիվ՝ մաղթեց գիտական և ստեղծագործական կարողությունների զարգացում և ձեռքբերումներ։