ՀՊՄՀ-ում տեղի ունեցավ Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական հանդիպում բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Նպատակն էր ներկայացնել Էրազմուս+ ծրագրերին ՀՊՄՀ-ի մասնակցությունը, ինչպես նաև մանրամասնել դիմելու գործընթացը:
ՀՊՄՀ Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի աշխատակցիները ներկայացրին ՀՊՄՀ կողմից իրականացվող Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրերը, մասնավորապես՝ Էրազմուս+ DESIRE /«Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում/, T4GREEN /Հայաստանում և Մոլդովայում մանկավարժական կրթության բարեփոխումը հանուն կանաչ և թվային անցման/ և KPI4HE /Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության լավ կառավարման և որակի արդյունավետության հիմնական ցուցանիշների ազգային շրջանակի ստեղծում/։
Հատուկ անդրադարձ կատարվեց Erasmus+ DESIRE /Հայաստանի և Վրաստանի բուհերում փափուկ հմտությունների զարգացում՝ 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան/ ծրագրին, ներկայացվեցին ակնկալվող վերջնարդյունքները՝ կրթական ծրագրերում 5 մոդուլների ներդրում, 5 զանգվածային բաց առցանց դասընթացների մշակում, որոնք ներառում են թվային գրագիտություն, ներառականություն, նախաձեռնողականություն և առաջնորդություն ոլորտները, ինչպես նաև ձեռնարկատիրական հմտություններ, առաջնահերթությունների սահմանումն ու որոշումներ կայացնելու հմտությունը։
Հանդիպման երկրորդ մասում ներկայացվեց Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրերի համար առաջարկների մշակման գործընթացը, ինչպես նաև Էրազմուս+ շարժունության ծրագրերին դիմելու ընթացակարգն ու համագործակից բուհերը։