ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կայացավ Տիգրան Պետրոսյանցի գրքերի շնորհանդեսը
14.12.2023
Կայացավ Տիգրան Պետրոսյանցի գրքերի շնորհանդեսը

ՀՊՄՀ-ում կայացավ Գիտական գրադարանի տնօրեն, պատմաբան, գրող, լրագրող, մատենագետ, մշակութաբան Տիգրան Պետրոսյանցի՝ «Զաքարե» և «Վաչուտյաններ» գրքերի շնորհանդեսը։

Ձեռնարկին ներկա էին պատմաբաններ, գրականագետներ, լեզվաբաններ, մտավորականներ, ուսանողներ։

«Զաքարե․Հայոց շահնշահ, թագավոր, արքա, կեսար, ինքնակալ, տիեզերակալ» պատմաքաղաքական վեպի նախնական տարբերակը գրվել է դեռևս 1967 թվականին, այնուհետև, հեղինակը խորությամբ ուսումնասիրել է 12-14-րդ դարերի հայոց պամությունը կերտած Զաքարյաններին, նրանց ժամանակի, ստեղծած անկախ պետականության պատմությունը և շարադրել պատմավեպի վերջնական տարբերակը։

Ինչպես գրված է նախաբանում՝ Զաքարյանների ստեղծած անկախ պետականության՝ Հայք-Հայաստանի վերաբերող պատմության գործերում բացակայում է վերջնական եզրակացություն անելու համարձակությունը։ Հեղինակը պատմավեպում արել է այդ քաղաքական եզրակացությունը, ըստ որի, Զաքարե շահնշահը բացարձակ անկախ պետություն է կերտել։
«Վաչուտյաններ» (Արարատի կողմնակալության-փոխարքայության ռազմական, քաղաքական, տնտեսական, մշակութային պատմություն) աշխատությունն էլ 2001 թվականին հրատարակված մենագրության բարեփոխված տարբերակն է։ 2013-2023թթ տպագրված հոդվածների ընտրանին խորությամբ ներկայացնում է 12-14-րդ դարերի հայոց պատմությունը կերտած Զաքարյանների, նրանց ստեղծած անկախ պետականության պատմությունը և դրանում ժամանակի հզորագույն պետական, ռազմական դերակատար Վաչուտյան իշխանատոհմի պատմությունը։

Շնորհանդեսին ներկա ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը համոզվել է՝ Մանկավարժականում կան համեստ, գիտությանը նվիրված մարդիկ, ՀՀ իսկական քաղաքացիներ, որոնք ստիպում են իրենց ճանաչել․ այդպիսին է նաև Տիգրան Պետրոսյանցը, ինչի մասին վկայում է նաև նրա կենսագրությունը։

Աշոտ Մելքոնյանը «Զաքարե․Հայոց շահնշահ, թագավոր, արքա, կեսար, ինքնակալ, տիեզերակալ» պատմաքաղաքական վեպը դիտարկում է որպես հայոց պետականության պատմություն, որ, ցավոք, շրջանցվել է, տարիներ շարունակ կրկնելով այն սխալը, թե Արշակունյանց թագավորության անկումից հետո մինչև Բագրատունիներ չենք ունեցել պետականություն։
Պատմաբանը շտկում է՝ պետականություն ունեցել ենք, որոշ շրջաններում չենք ունեցել թագավորություն, սակայն, ինչպես ցույց է տալիս օրվա հեղինակը, նաև թագավորություն ենք ունեցել․«Վեպը հեշտությամբ կլանում է, մանավանդ, երբ պատմաբան ես, իսկ հեղինակը հրաշալի գիտի պատմական նյութը։ Պատահական չէ, որ գրական տարբեր աղբյուրներում, հրապարակումներում Զաքարյանների մասին տեղեկատվության գլխավոր աղբյուրն այսօր Տիրգրան Պետրոսյանցն է»։

Աշոտ Մելքոնյանն անդրադարձավ գրքում տեղ գտած վրաց արքունիք և հայկական պետականություն, Իվանե և Զաքարե Զաքարյան եղբայրներ- Թամար թագուհի փոխհարաբերություններին՝ ընդգծելով, որ, եթե որոշ պատմաբաններ կկարծեն, թե փաստեր են ուռճացվել կամ շրջանցվել, ապա դա միմիայն հեղինակի գեղարվեստական մտքի թռիչքի արդյունքն է։

Պրոֆեսոր Մելքոնյանի դիտարկմամբ՝ պատմավեպի գիտական շարունակությունը Տիգրան Պետրոսյանցի «Վաչուտյաններ» մենագրությունն է, որտեղ ներկայացված է անթեղված պետականություն կրող տոհմն ու ժամանակաշրջանը․«Երկու ծանրակշիռ երկերի հրատարակություններով նաև արմատապես պետք է վերանայենք դասագրքային ճշմարտություններ դարձած պատմական մի շարք իրողություններ։ Մեր ողբերգություններից մեկն այն է, որ թվում է՝ չկա նվիրում, պաշտամունք, հարգանք պետականության նկատմամբ, բայց այդ մտայնությունն են կոտրում ազգի մտավորականները, որոնցից մեկն էլ Տիգրան Պետրոսյանցն է»։

Ինքը՝ գրքերի հեղինակը նկատում է՝ «Վաչուտյանները» գիտական խնդիր է․ այն, ինչ հնարավոր չէ քարացած իրականության մեջ պնդելու, ստիպված ես ասել այլ ձևով, այդ թվում՝ գեղարվեստականորեն, ինչն էլ հնարավոր է եղել անել «Զաքարե» և «Վարդենիս» աշխատություններով․«Պատմական երկու վեպերը եկել են լրացնելու 50 տարվա մեր պետականության խնդիրը։ Մենք պետք է հարգենք, սիրենք և ներակայացնենք մեր պետականությունները»։

Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը մեջբերելով աշխարհահռչակ պատմավիպասան Վալտեր Սկոտի ինքնակենսագրականի այն միտքը, թե ամեն շոտլանդացի ունի տոհմածառ, որը նրա նվաճումն է, նույնքան անբաժանելի, որքան նրա հպարտությունն ու աղքատությունը, հավելում է՝ այս բնորոշումը համարձակորեն կարելի է ասել նաև Տիգրան Պետրոսյանցի պատմական բնույթի ստեղծագործությունների, մասնավորապես՝ «Զաքարե» պատմավեպի համար։

Պրոֆեսոր Դոլուխանյանը նկատում է՝ ամեն գրողի անդրադարձը պատմական անցյալին, ուղերձ է նրա ապագային․ պատմավեպում կան կարևոր գիտա-պատմական հղումներ, ներկայացված են Կիլիկյան Հայաստանի և Մեծ Հայքի հոգևոր, մշակութային կապերը, ազգային առաջնորդի կերպարն ու փոխհարաբերությունները հասարակական տարբեր խավերի հետ, վեպը հարուստ է նաև աշխատասեր, գեղեցիկ ու շնորհալի հայ կանանաց կերպարներով․«Պատմավեպերը հենց այնպես չեն գրվում․պատմական անցյալին անդրադարձը խիստ արդիական է ու միտված ապագային։ «Զաքարե»-ն պատմական արդիական դաս է՝ ուղղված համայն հայոց ազգին»,- նշեց նա։

Լեզվաբանական հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար, պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանը «Զաքարե»-ն պատմաբանասիրական աշխատություն է համարում, որի հիմքում անկախության, հայոց պետականության վերահաստատման գաղափարն է։

Պրոֆեսորը նկատում է՝ գրքում առկա մի շարք պատմական անցքեր հաստատում են՝ հեղինակը պետականությունը հասկանում է ուժի, նվիրումի և հայրենասիրության հենքի վրա, իսկ ճակատամարտերի յուրահատուկ նկարագրություններում տեսնում ենք և՛ պատմաբանի, և՛ բանասերի գրիչը, որ խոսում է հեղինակի ճարտարության, պատմական իմացության և բանասիրական օժտվածության մասին, ինչի շնորհիվ էլ վեպը դառնում է ընկալելի, ընթեռնելի և ընդունելի։

Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Կամո Վարդանյանը ստվարածավալ գրքերի լույսընծայումը կարևոր իրադարձություն է համարում։ Նկատում է՝ դեռևս անցած տարի՝ ՀՊՄՀ 100-ամյակի շրջանակներում կայացած ձեռնարկների շարքում էր սպասում Պետրոսյանցի աշխատությունների շնորհանդեսին: Սակայն, ինչպես պրոֆեսորն է նկատում, ժամանակն ինքն է թելադրում տվյալ գործունեության ժամանակահատվածը։

Հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Գևորգյանն էլ նկատում է՝ հայոց միջնադարը միշտ էլ պատմագիտության համար կարևոր նշանակություն է ունեցել․ այն ծալքերը, որոնք բացահայտվել և բացահայտվելու են, դեռ շատ բան են սովորեցնելու։ Նրա դիտարկմամբ՝ Տիգրան Պետրոսյանցի «Վաչուտյաններ» աշխատությունը սկզբնաղբյուրային նշանակություն ունի նաև։

«Վաչուտյաններ» գրքի խմբագիր, ՀՊՄՀ պրոֆեսոր Վանիկ Վիրաբյանն էլ հավելում է՝ Պետրոսյանցն իր գրքերում մեծարում է հայկական պետականության գաղափարը, կա ազգային հենք, ինչը չափազանց կարևոր է մեր օրերում։

«Վեպ, պատմական էսսե, պատմագրություն․Տիգրան Պետրոսյանցի գրքերում մեկտեղված են գրական տարբեր ժանրեր, որի խրատականն այն է՝ ինչ ենք ունեցել և ինչ պետք է անենք՝ վերստեղծելու Զաքարյանների թագավորությունը, որ արժանի սերմ էր հայոց հողի մեջ ընկած, բայց չպահպանված»,- իր խոսքում նշեց արձակագիր Վրեժ Սարուխանյանն ու հավելեց, որ Տիգրան Պետրոսյանցը կարողացել է պատմական շղթայի մեջ իրար կողքի դնել և վերակագնել պատմական ճշմարտությունը, այն, ինչ անհրաժեշտություն է մեր օրերում։ Նա գիրքը քաղաքական խրատանք է համարում բոլորի համար, որ պետք է կարդալ և հասկանալ՝ ինչ արեց Զաքարեն, որ մենք չենք անում, և՝ հակառակը։

Վրեժ Սարուխանյանը «Վահագն» ռազմահայրենսիրական ընկերության կողմից Տիգրան Պետրոսյանցին հանձնեց մեդալ։