ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի ունեցավ 2022 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, բուհերի ռեկտորներ և ուսանողներ:
Լավագույն առաջադիմությամբ ուսանողների հավաստագրերը հանձնեց ԿԳՄՍ նախարար, ՀՊՄՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը:
Նախարարը, շնորհավորելով հանրապետության լավագույն ուսանողներին կարևոր ձեռքբերման համար, ընդգծեց՝ «Լավագույն ուսանող» մրցույթում հաղթելը պատվաբեր, բայց միևնույն ժամանակ պարտավորեցնող Է:
Ժաննա Անդրեասյանը նշեց, որ ուսումնառության ընթացքում ինքը ևս արժանացել է «Լավագույն ուսանող» կոչմանը. «Դու գիտակցում ես, որ կարող ես օրինակ լինել մյուս ուսանողների համար․ մեծ պատասխանատվություն ես զգում, որ քո վարքն այսուհետ լավագույն ուսանողի է։ Մեզնից յուրաքանչյուրն ինքն է ընտրում՝ արժևորելու այս մրցանակի կարևորությունը: Ձեր անձնական և անհատական արժևորումից է կախված նաև, թե դուք այս փոքրիկ հաջողությունն ինչպես կօգտագործեք ձեր հետագա կյանքի մեծ հաջողությունների ճանապարհին: Այս մրցանակը նաև վստահություն կհաղորդի. այն ոչ միայն գիտելիքի գնահատում, այլև ձեր՝ որպես քաղաքացու, գնահատականն է, ինչն այս մրցույթի կարևոր բաղադրիչներից մեկն է»:
Նախարարն ուսանողներին մաղթեց, որ հաղթանակը նրանց մասնագիտական և քաղաքացիական ճանապարհին խթան հանդիսանա առաջ գնալու, նորանոր հաջողություններ ունենալու համար. «Վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն իր շրջապատում արդեն իսկ ապացուցել է, որ այսօրվա մրցույթի արդյունքը պատահական չէ և օրինաչափ է: Հուսով եմ, որ կշարունակեք նույն ոգով»:
Հիշեցնենք, որ մրցույթն անցկացվել է բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, հումանիտար, բժշկություն, ճարտարագիտություն և մշակույթ-սպորտ ոլորտներում, ներբուհական և միջբուհական (հանրապետական) փուլերով, բակալավրի ու մագիստրոսի կրթական ծրագրերով։
ՀՀ բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթում հաղթող է ճանաչվել 33 ուսանող:
Հայագիտության ոլորտում 2-րդ և 3-րդ հորիզոնականներն են զբաղեցրել ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետի 4-րդ և 2-րդ կուրսի ուսանողներ Մերի Առաքելյանն ու Կարլեն Նազարյանը, իսկ մշակույթ-սպորտ ոլորտի 3-րդ հորիզոնականը՝ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Գոռ Մելիքսեթյանը։
Ապագա բանասեր Մերի Առաքելյանի համար անակնկալ էր հաղթողների ցանկում տեսնել իր անունը։ Հաղթանակը պարտավորեցնող է․ գիտակցում է, որ անկախ հաջողության ճանապարհին հանդիպած խոչընդոտների, չպետք է կանգ առնել․ «Տևական ժամանակ առաջնորդվում է Դեյլ Քարնեգիի հայտնի կարգախոսով՝ եթե հաջողության վերելակը չի աշխատում, փորձեք աստիճաններով բարձրանալ` քայլ առ քայլ»,-apsu.am-ի հետ զրույցում նշեց ՀՊՄՀ ուսանողուհին։
Նշենք, որ «Լավագույն ուսանող» մրցույթում 1-ին տեղը զբաղեցրել էր 13 ուսանող, որոնց շնորհվել է 458.000-ական դրամ, 2-րդ տեղը զբաղեցրած 12 ուսանող ստացել է 348.000-ական դրամ, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցրած 8 ուսանողի տրվել է 233.000-ական դրամ կրթաթոշակ: