«Կեղևային տեսողության խանգարում» թեմայով սեմինար-դասախոսությունն այսօր Հատուկ կրթության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին ներկայացրեց Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Լիլիթ Կարապետյանը:
Վերջինս մեկ տարի սովորել է Պերկիսնի միջազգային դպրոցում (ԱՄՆ), որի հետ Մանկավարժական համալսարանը տարիներ առաջ կնքել է համագործակցության հուշագիր և դրա շրջանակներում անցկացրել համատեղ մի շարք ձեռնարկներ:
Լիլիթ Կարապետյանն իր ելույթում նշեց, որ ԱՄՆ-ում խնդիրը ևս նոր է հայտնաբերվել և արժանացել է մասնագետների ուշադրությանը, ապա անդրադարձավ Ք. Ռոման-Լանցիի սկզբուքներին՝ նկատելով, որ տեսողության կեղևային խանգարման և աչքով պայմանավորված տեսողության խանգարումների պատճառները հիմնովին տարբեր են:
Բանախոսն իր ելույթում ընդգծեց նաև, որ ԿԽՏ-ի դեպքում անհրաժեշտ են բացահայտման, գնահատման և միջամտության այլ մեթոդներ՝ հավելելով, որ խնդրի դեպքում անձը թեպետ ստանում է տեղեկություն, սակայն չի կարողանում դասակարգել այն.«Պետք է զգույշ լինել ընդհանարցումներ կատարելիս.ԿԽՏ-ով անձինք կարող են լինել տարբեր տարիքի, ունենալ տարբեր աստիճանի խանգարումներ, ձեռք բերած լինել ծննդյան ժամանակահատվածում կամ ավելի ուշ»:
Թեմայի շրջանակներում, որն, ի դեպ, նորույթ է հայ մասնագետների շրջանում, հատուկ մանկավարժն անդրադարձավ նաև ԿԽՏ-ի պատճառներին, խնդիրներին՝ մանրամասնելով դրա ախտորոշման վերաբերյալ կարևոր հարցեր:
Սեմինար-դասախոսությունն ուղեկցվեց հարց ու պատասխանով, եղավ քննարկում: