ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է ՀՀ Գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2022» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաները։
Մրցույթի արդյունքում՝ ցանկում ընդգրկվել է 26 գիտական թեմա․ թեմատիկ ֆինանսավորման է արժանացել նաև ՀՊՄՀ-ի Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի հայցորդ Փառանձեմ Համբարձումյանը։
Երիտասարդ գիտնականի թեման է «Շերտավոր փաթեթների լարվածադեֆորմացիոն վիճակների հետազոտումը ոչ դասական եզրային պայմանների դեպքում փաթեթներում տեղադրված սենսորների տվյալների հիման վրա»․ գիտական ղեկավարը՝ պրոֆեսոր Լուսինե Ղուլղազարյանն է։
Թեմայի ֆինանսավորումը 36 ամիս է․ ծրագրի շրջանակներում կտպագրվեն հոդվածներ, մասնակցություն գիտաժողովների, Փառանձեմ Հարությունյանը կգործուղվի նաև Ռուսաստանի Դաշնության Մեխանիկայի ինստիտուտ՝ իրականացնելու գործնական հետազոտությունների մի մասը։
«Թռչող սարքերի, մեքենաների, կառուցվածքների, նուրբ գործիքների ու սարքերի բաղկացուցիչ մասերի լարվածադեֆորմացիոն վիճակի ուսումնասիրությունը և նրանց իրական վիճակի գնահատումը մշտապես եղել է առաջնահերթ խնդիրներից մեկը։ Այս նախագծում առաջարկվում է մեխանիկական համակարգի անխափան աշխատելու ժամկետի նախագուշակման նոր մոտեցում»,- old.aspu.am-ի հետ զրույցում նշեց ՀՊՄՀ-ի հայցորդ Փառանձեմ Համբարձումյանը։