ՀՊՄՀ-ի Հատուկ կրթության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմն աշխատանքային հանդիպում ունեցավ Երևանի հոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի մասնագիտական խմբի հետ:
Հանդիպման նպատակն էր քննարկել գնահատման կենտրոնի կողմից Ֆունկցիայի Միջազգային Դասակարգման /ՖՄԴ/ հիման վրա մշակված գնահատման ձևաչափերը, որը նախօրոք ուղարկվել էր ֆակուլտետի անձնակազմին՝ մասնագիտական կարծիքի, համապատասխան դիտողությունների և նշումներ անելու համար:
Հատուկ կրթության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Սիրանուշ Կարապետյանը ներկայացրեց ոլորտի հիմնական խնդիրներն ու մարտահրավերները՝ կարևորելով բուհ-գնահատման կենտրոն և գործնականում աշխատող մասնագետ կապը:
Հատուկ կրթության ոլորտի մասնագետները ներկայացրին ձևաչափի վերաբերյալ դիտարկումները:
Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության զարգացման ծրագրերի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը:
Վերջինս կարևորեց Հատուկ կրթության ֆակուլտետի հետ համագործակցությունը՝ գործնական ոլորտում աշխատող մասնագետների համար այն համարելով ակադեմիական և գիտական հիմնասյուն:
Ռոբերտ Ստեփանյանը նկատեց՝ առանց դրա հնարավոր չէ իրականացնել երեխայի կարիքների պատշաճ գնահատում, որը նրանց կրթական գործընթացի ապահովման համար հանրակրթական կամ ներառական կրթության համատեքստում կարևորագույն հիմք է:
Գնահատման կենտրոնի փորձագետ-խորհրդատու Վարդուհի Կատինյան շնորհակալություն հայտնեց արդյունավետ դիտարկումների և քննարկումների համար՝ հույս հայտնելով, որ այսուհետ ավելի սերտ համագործակցություն կլինի Երևանի հոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի մասնագիտական խմբի և Հատուկ կրթության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: