Մանկավարժական համալսարանում շարունակվեցին հոգեբան, պատմամշակութային տեսության հիմնադիր Լև Վիգոտսկու ծննդյան 120-ամյակին նվիրված երկօրյա կլոր սեղանի աշխատանքները:
«Պատմա-մշակութային մեթոդոլոգիան Վիգոտսկու աշխատություններում և զարգացնող կրթության հոգեբանական և մանկավարժական ասպեկտներ» թեմայով կլոր սեղան-քննարկումը կազմակերպել էր Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային կազմակերպությունը, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը, Մոսկվայի մանկավարժական պետական համալսարանը, ինչպես նաև Հայ-ռուսական(սլավոնական) և Մանկավարժական համալսարանները:
Բացման խոսքում ՀՊՄՀ-ի Ուսումնագիտական գծով պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը կարևորեց գիտնականի մեծ ավանդը՝ վստահեցնելով, որ հայկական հոգեբանական միտքը ևս խիստ ազդեցություն է կրում Վիգոտսկու գաղափարներից և ներկայացրեց նրա տեսությունը, մոտեցումները զարգացրած, նորովի մեկնաբանած հայ հոգեբաններին:
«Խիստ կարևոր են գիտնականի հոգեբանա-մանկավարժական գաղափարների ժառանգությունն ու նրա հայացքների զարգացումը, որոնք բավական արդիական են և մեծ ներդրում են ունեցել հատկապես երեխայի զարգացման հոգեկան կառույցների և հոգեվիճակների դրսևորման առանձնահատկությունների վերլուծության ժամանակ»,-նշեց պրոֆեսորն ու նկատեց՝ ցավոք, Վիգոտսկին մինչև վերջ ուսումնասիրված չէ:
Երկօրյա ձեռնարկի աշխատանքներին մասնակցում էին մանկավարժական, հոգեբանական և լեզվաբանական ուղղություններով բարձրագույն կրթության կազմակերպիչներ, ինչպես նաև գիտական և կրթական այլ ոլորտների ներկայացուցիչներ:
Աշխատանքային երկրորդ օրվա ընթացքում զեկուցողներն անդրադարձան Վիգոտսկու գաղափարներին, ժամանակակից մանկավարժական պրակտիկայում դրանք իրացնելու և նոր ծրագրերի ստեղծման հնարավորություններին: Ռուս գործընկերներն ընդգծեցին նաև արտալսարանային աշխատանքերի կազմակերպման կարևորությունը՝ նկատելով, որ ոչ միայն դպրոցը պետք է հանդիսանա որոշակի ֆորմալ տարածք կրթության համար, այլ այդ կրթությունը պետք է հանվի դպրոցի տարծքից դուրս. օգտագործվեն այն տարբեր սոցիալական կենտրոնները, որտեղ երեխան էլ ավելի հաճույքով և ազատ, որպես փոխգործակցող սուբյեկտ, կարող է իրականացնել կրթության նպատակները:
Կազմերպիչների խոսքով՝ միջոցառման հիմնական նպատակն էր ընդհանրացնել Վիգոտսկու համաշխարհային գիտական փորձն ու մեթոդոլոգիան, ամրագրել նրա տեսությունը հոգեբանա-մանկավարժական պրակտիկայում, ինչպես նաև զարգացնել երկու երկրների միջև համագործակցությունը:
Այցի շրջանակներում Մոսկվայի մանկավարժական պետական համալսարանի պատվիրակներին ընդունեց Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Անդրադառնալով մանկավարժական, հոգեբանական և մշակութային ուղղություններով բուհի շուրջ 60 մասնագիտություններին՝ ռեկտորը ռուս գործընկերներին վստահեցրեց, որ համալսարանի առաջնային նպատակներից մեկն էլ այն հետազոտական դարձնելն է և ներկայացրեց համալսարանական գիտական լաբորատորիաները:
Անդրադառնալով բուհի վերջին տարիների տարատեսակ ձեռքբերումներին՝ ռեկտորը կարևորեց 2 տարի առաջ ներդրված Google classroom-ի ներդրումն ու պրակտիկայի կազմակերպման նոր բարեփոխումները:
Հյուրերը փոխանցեցին «Ամառային դպրոց 2016»-ի ռուս ուսանողների հիացմունքն ու գոհունակությունը, ապա հավելեցին, որ տարբեր ձևաչափերում կազմակերպված ձեռնարկների միջոցով փորձում են ամրապնդել երկու բուհերի միջև համագործակցությունը:
Ռուս գործընկերների այցը Մանկավարժական համալսարան ամփոփվեց ռուսաց լեզվի և գրականության դասավանդման, մեթոդիկայի ժամանակակից հիմնահարցերին նվիրված կոնֆերանսով, որին մասնակցում էին նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչներ, մանկավարժներ: Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի դասախոսներն անդրադարձան դպրոցում գիտության վիճակին, ինչպես նաև անդրադարձան իրենց բուհում ընդհանուր և մանկավարժական կրթության մեջ նորարարական գործընթացներին:
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի և Մանկավարժական համալսարանի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված երկօրյա կոնֆերանսի աշխատանքային երկրորդ օրն ամփոփվեց «Սովորում ենք ռուսաց լեզուն, ուսումնասիրում ենք ռուսական մշակույթը» խորագրով վարպետության դասեր: