Օրերս «Միջմշակութային երկխոսություն» թեմայով կլոր սեղանի շրջանակներում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի հյուրերն էին Ռուսաստանի Դաշնության «Մանկավարժ-նկարիչների միություն» միջազգային, ստեղծագործական, հասարակական կազմակերպության մի շարք անդամներ:
Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկանի տեղակալ, պրոֆեսոր Արտաշես Քեշիշյանը հյուրերին ներկյացրեց ֆակուլտետի այն գործառույթները, որոնց առկայությունն ու կիրառումն ուղղված են ամրագրելու գիտակրթական ասպարեզում կարևոր ձեռքբերումներն ու հաջողությունները:
Ռուսաստանի տարբեր բուհերում դասավանդող մանկավարժ-նկարիչների հետ զեկուցումներ ունեցան Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղից և Շիրակի պետական համալսարանից ներկայացուցիչներ:
Զեկուցումներով հանդես եկան նաև մեր համալսարանի դասախոսները՝ Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնի վարիչ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սաթենիկ Մելիքյանը, միջոցառման կազմակերպիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Սևադա Սարգսյանը:
Միջոցառման ընթացքում տեղի ունեցան մշակութաբանությանը և կրթությանը վերաբերող հարցադրումներ, քննարկումներ, երկխոսություն, դրանց արդի նպատակների, խնդիրների հաղթահարմանն ուղղված միջոցների առաջադրմամբ:
Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Արա Հակոբյանը «Միջմշակութային երկխոսություն» թեմայով կլոր սեղանի ավարտին շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին, ցանկանալով, որ նման միջոցառումները լինեն շարունակական և արդյունավետ: