ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետի և Երևանի Գայի (Հայկ Բժշկյանց) անվան N 129 հիմնական դպրոցի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։
Համագործակցության շրջանակներում կողմերը կկազմակերպեն միջոցառումներ, կիրականացնեն ծրագրեր, մասնագիտական հանդիպումներ, այցեր, բաց դասեր, համերգներ, որի արդյունքում կամրապնդվի ուսանող-աշակերտ կապը։
Կուլտուրայի ֆակուլտետի դեկան Գևորգ Թադևոսյանը ողջունեց հյուրերին, ներկայացրեց կրթական կառույցը, մասնագիտությունները, շեշտադրելով աշակերտների՝ վաղ տարիքում մասնագիտության մեջ կողմնորոշման կարևորությունը։
Երևանի Գայի (Հայկ Բժշկյանց) անվան N 129 հիմնական դպրոցի տնօրեն Անուշ Մարտիրոսյանը կարծում է, որ 300-ից ավելի աշակերտ ունեցող կառույցի համար հուշագրի կնքումը մեծ դեր կունենա․դպրոցում գործում են արվեստի տարատեսակ խմբակներ, ինչը նույնպես խթանում է աշակերտների շրջանում սերը մշակույթի հանդեպ և ապագայում Կուլտուրայի ֆակուլտետի ուսանող դառնալու հեռանկարը։
Հուշագրի կնքման արարողությանը հաջորդեց համերգային ծրագիր․ դոցենտ Կոլյա Մարտիրոսյանի ղեկավարությամբ հանդես եկավ Երաժշտության ամբիոնի փողային նվագախումբը։ Ներկայացվեցին Ա. Այվազյանի «Ջա՜ն, Երևան», Ա. Բաբաջանյանի «Ոսկե տանգո», Ռ. Պետրոսյանի «Արևելյան պար», է. Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևան» ստեղծագործությունները։ «Դիլիջանի» և «Սարերի հովին մեռնեմ» ստեղծագործությունները ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հասմիկ Լեյլոյան ղեկավարմամբ ներկայացրեց ՀՊՄՀ «Զվարթնոց» քանոնահարների անսամբլը։
Համերգի ավարտին տնօրեն Անուշ Մարտիրոսյանը շնորհակալագիր հանձնեց Կուլտուրայի ֆակուլտետի դեկան Գևորգ Թադևոսյանին, իսկ աշակերտների ծնողները շնորհակալություն հայտնեցին համերգային ծրագրի համար՝ նշելով որակյալ երաժշտության կարևորությունը մեզանում։