«Ակադեմիական քաղաք» ծրագիրը ՀՀ կառավարության առավել ակտիվ շրջանառվող նախաձեռնություններից է, որով ներկայացվող հայեցակարգը բազմաթիվ հանրային հարթակներում և բազմաբնույթ ձևաչափերով ենթարկվել է քննարկման։
Քննարկման առարկա են դարձել ծրագրի նպատակայնությունը, իրատեսականությունը, մասնագիտական ոլորտների միջգիտակարգային խաչմերուկներում առկա մասնագիտական խնդիրները և այլն։
Հանրային քննարկումներին զուգահեռ՝ ծրագրի հաստատումից հետո «Աադեմիական քաղաք» ծրագրի մասնագիտական մշակումները, համաձայն ընթացակարգի, արդեն իսկ քննարկվել են շահակից բուհերի մասնագիտական աշխատանքային խմբերի հանդիպումների ընթացքում։
Օբյեկտիվ քննարկումների, արդյունավետ հենանշման և արդյունարար ճանապարհային քարտեզ սահմանելու նպատակով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և համակարգող խմբի նախաձեռնությամբ և Բրիտանական Խորհրդի հայաստանյան գրասենյակի անմիջական մասնակցությամբ և աջակցությամբ հոկտեմբերի 8-9-ը «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակներում սահմանված չորս կլաստերներից մեկի՝ Կրթական կլաստերի ներկայացուցիչներն այցելեցին Լոնդոնի համալսարանական քոլեջ՝ ծանոթանալու Մեծ Բրիտանիայում իր առաջանցիկ փորձով աչքի ընկնող այս բարձրագույն ուսումնական հաստատության ինստիտուցիոնալ և ակադեմիական միավորումների փորձին։
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի, ինչպես նաև Երևանի Վ․ Բրյուսովի անվան համալսարանի ներկայացուցիչներին ներկայացվեց ինստիտուցիոնալ խոշորացման տեղական փորձը կրթական գիտությունների շրջանակներում․ համալսարանի կազմում այժմ արդեն որպես ֆակուլտետ գործող Լոնդոնի կրթության ինստիտուտի միավորման պատմությունը և փորձը։
Ինստիտուտն իր երկարամյա մասնագիտական գործունեությունը սկսել է 1902 թվականից՝ ներառվելով Լոնդոնի քաղաքային համանքի և համայնքի համալսարանական ենթակառուցվածքներում։
Բազմաթիվ անգամներ իր առաջատար տեղը զբաղեցնելով ուսուցիչների պատրաստման, ինչպես նաև կրթական գիտությունների շրջանակներում հետազոտական աշխատանքների հարցում գերազանցության ցուցակում՝ մանկավարժների պատրաստման այս առաջատար հաստատության ներկայացուցիչները հայաստանյան հանձնախմբի համար նախապատրաստել էին բազմաթիվ մեթոդական ակնարկներ, զեկույցներ, փորձի փոխանակման դեպքերի վերլուծականներ և քննարկումներ։
Քննարկումների ընթացքում հյուրընկալող կողմը հանգամանալից ներկայացրեց միավորման ընթացքում ծագած կնճռոտ հարցերը, պատրաստակամությամբ կիսվեց լուծումների փորձով և արդեն իսկ վերանայված և արդիականացված այն հարացույցով, որը ձևավորվել է և շարունակում է կատարելագործվել նույն համալսարանի գիտաուսումնական գործունեության համատեքստում։
Հանդիպումներին ներկա էին բրիտանացի փորձագետները, խորհրդատուներըն ու այն կոնկրետ կրթական ծրագրերի պատասխանատուները, որոնք ներկայացրեցին ոչ միայն միավորման հիմնավորումները, այլ նաև մեթոդաբանությունն ու առավելությունները՝ ինստիտուցիոնալ կառավարման, դասախոսական անձնակազմի մասնագիտական կատարելագործման և ուսանողական համայնքի շահերի տեսանկյուններից։
Լոնդոնի համալսարանական քոլեջի նոր կրթական հայեցակարգի հիմքում ընկած է կրթություն-հասարակություն անքակտելի կապը, որն, ըստ բրիտանացի գործընկերների, ոչ միայն նպաստում է կրթությանը ներկայացվող հանրային կոնկրետ պատվերի ձևավորմանը՝ գործատուների, կրթական կարիքների, աշխատաշուկայի, հասարակական զարգացումների և առաջնայնությունների առումով, այլ նաև թույլ է տալիս իմաստալից վերանայումներ իրականացնել կրթական ծրագրերում, դրանց փորձարկումների հարցում հասնել փաստացի հիմնավորումների և բազմազանեցնել կրթական գործընթացների ֆինանսավորման աղբյուրները։
Հայկական կողմի հարցադրումներն ու ճշգրտումներն առնչվում էին հիմնականում միավորման արդյունքում կրթական ծրագրերի համադրելիության, դրանց հստակեցման, ընթացակարգերի ներդաշնակեցման, պրոֆեսորադասախոսական համայնքների համատեղման, ինչպես նաև ուսանողների իրավունքների համահունչ պահպանման տիրույթներին։
Գործնական հարցուպատասխանների ընթացքում բրիտանացի փորձագետներն ու համալսարանի ներկայացուցիչներն անդրադարձան բոլոր բարձրացված հարցերին՝ առանձնակի շեշտադրմամբ մանրամասնելով գործընթացի բարոյահոգեբանական, մասնագիտական և իրավական, թափանցիկության, տեխնիկական գործիքակազմ ու ակնկալիքները։
Առանձին քննարկումների առարկա էին կոնկրետ կրթական ծրագրերում ռեսուրսների համատեղ կիրառման, տեխնիկական հագեցածության արդյունարարության և, որն ամենակարևորն է, միջգիտակարգային և միջառարկայան առնչակցությունների խթանման վերաբերյալ հարցերն ու հիմնախնդիրները։
Այցի էական ձեռքբերումներից է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի ու Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության և հասարակության ֆակուլտետի տնօրեն, պրոֆեսոր Լի Ուեյի կողմից կնքված մտադրությունների հուշագիր-նամակը, որը նախանշում է համագործակցային կապերի հետագա ամրապնդում, շարունակական մասնագիտական խորհրդատվություն՝ բուհերի արդյունավետ խոշորացման, մասնագիտական վերապատրաստման, կրթության ոլորտում հետազոտական աշխատանքների խթանման և այլ համանման ոլորտներում։
Հայկական պատվիրակությունն ունեցավ հնարավորություն նաև ծանոթանալ համալսարանի ենթակառուցվածքներին, առկա շենքային պայմաններին և դրանց օգտագործման արդյունավետության ներքին ընթացակարգերին, տեխնիկական հագեցվածությանը, ինչպես նաև բուհի ներսում գիտահետազոտական աշխատանքների արդյունարար կազմակերպման և հարմարավետ աշխատանքների պահանջներին։