ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կրթության շինարար ներկայություն․ լրացավ Կարլեն Միրզախանյանի 100 տարին
28.08.2023
Կրթության շինարար ներկայություն․ լրացավ Կարլեն Միրզախանյանի 100 տարին

Օգոստոսի 18-ին լրացավ հայկական մանկավարժության, գեղարվեստական դաստիարակության, ֆիլմարվեստի, թատրոնի, հեռուստալրագրության, ժողգործիքների ուսուցման և հարակից մասնագիտությունների մեր գլխավոր դարբնոց՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հիմնադիր եւ առաջին դեկան Կարլեն Միրզախանյանի ծննդյան 100 տարին: Կազմակերպական ջիղ, բարձր ճաշակ, դիպուկ, սրամիտ խոսքի վարպետ, կոլորիտային անձնավորություն, որին տասնամյակներ հետո էլ դեռ երանությամբ են հիշում՝ այժմ արդեն հայտնի գիտնականներ եւ արվեստագետներ դարձած նրա սաները:

Եվ այլ կերպ չէր էլ կարող լինել: Կարլեն Ժիրայրիչը ծնվել էր ծագումով վանեցի իրավաբան Ժիրայր եւ Պետհամալսարանի ամենահարգված դասախոսներից, ծագումով նույնպես վանեցի Եվգենիա-Միրզախանյանների ընտանիքում: Այսուհանդերձ մարդիկ իրենց վաստակով, կատարած գործով են հիշվում: Կարլեն Միրզախանյանը հայկական բուհական կրթության բնագավառում ծանրակշիռ ավանդ ունի, որը, ամենակարեւորը, շարունակվում եւ շարունակվելու է: Խմբ.

Թերևս մենք առօրյայի հնհնուքի մեջ այնքան էլ չենք նկատում նրա տեսակի մարդկանց անցած ճանապարհի խորքը, տիրական բարեբեր ներկայությունը: Նրանք գուցե բնավորությամբ կարող են հախուռն լինել, բայց խորքի մեջ քաջ գիտեն իրենց իրական արժեքը, կատարած աշխատանքի նշանառությունն ու նշանակությունը: Նրանք ուշադրության կենտրոնում կարևորում են իրենց ծառայությունը, բայց նախընտրում են առանձնապես շատ չերևալ: Ժամանակը, ի վերջո, երևան է հանում անհատականության կազմակերպական շնորհը, մատնում էության ներքին շերտերը, բացահայտում նվիրումի սահմանները:

Կարլեն Ժիրայրի Միրզախանյանը հանձն էր առել կրթության մեջ դժվարագույնը. նախ նկատել դիմացինի շնորհալիությունը, երևան հանել այսօրվա ուսանողի՝ վաղվա արվեստագետի մեջ տաղանդի առկայծումը, նշմարել նրա անցնելիք ուղին, «թեթև ջանքով» դուրս բերել նրա միջից «աստեղային հիվանդության» հնարավոր հովերը, ապա ի վերջո, հպարտանալ տաղանդի իրական հունդով: Դա ենթադրում էր չերևացող ամենօրյա տքնանք, մանկավարժի ներքին համառություն, կամք, ուր ակնառու հաջողությունը երկար տարիների հավատի ու բերկրանքի վերջնարդյունքի պես է, ինչը հաճախ կարող է տարրալուծվել միայն տաղանդի ու շնորհի դրսևորումներում:

Բայց հո ամենատես մանկավարժը որսում էր, քաջ գիտեր իր յուրաքանչյուր ուսանողի՝ արվեստագետի լինելության ճանապարհին իր անկրկնելի դերակատարությունը, ինչպես լավագույն մարզիչը՝ իր ներդրումի անփոխարինելի հատիկը սանի մեջ:

Այսպիսի տեսողությունը խմորվում էր նրա մեջ դեռ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանողական և ասպիրանտական նստարաններից, երբ ուսման նպատակների՝ պատմության, իրավագիտության կողքին որոնում էր հանձնառու նոր ընտրությունը մանկավարժության խորհուրդների հանդեպ: Իրավաբանական ճյուղի հեռանկարը մնաց ըստ էության անավարտ, երբ անգամ պաշտպանեց թեկնածուական ավարտաճառ նորագոյն շրջանի պատմությունից: Կարլեն Միրզախանյանի մասնագիտական որոնումների ճանապարհին հրապույրները շատ էին. երիտասարդ գիտնականին անմիջապես հրավիրեցին համամիութենական իրավաբանական ինստիտուտի հայկական մասնաճյուղ՝ ուսումնական աշխատանքի գծով պրոռեկտորի բարձր պաշտոնում վերագտնելու նոր կարիերայի ճանապարհը: Մինչդեռ լուծումը, շատերի համար անսպասելի, նա գտավ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում, մանկավարժության ոլորտում, ուր երեսուն տարի շարունակ վարեց իր հիմնադրած, իր նախասիրած գեղագիտական դաստիարակության, ապա կուլտուրայի վերանվանված ֆակուլտետները: Իրագործեց ըստ էութեան իր մեջ հնուց բուն դրած վաղեմի ծրագիրը:

Դեռ անցյալ դարի 70-ական թթ-ից Կարլեն Միրզախանյանը հաստատեց գիտական շարունակական նախաձեռնություններ, երբեմն նաև իրարից անջատ թվացող հեռավորություններում. այսպես, պատմության օրինաչափությունները նա շաղախեց չորս գրքերում՝ տնտեսագիտական և մշակութային հարուստ փորձով, ի մասնավորի՝ նոր զուգահեռներով՝ մեկնելով Մեծ Հայրենականի շրջանի երիտասարդության հերոսականության սկզբնաղբյուրներից: Պատահական չէր, որ գիտական աստիճանի կողքին դասախոսը ստացավ նաև պրոֆեսորի կոչում՝ մանկավարժի բարձր ծառայության դիմաց:

Եւ իսկապես. իր հիմնադրած ֆակուլտետը կարճ ժամանակամիջոցում դարձավ հանրապետության մշակութային գործիչների ձևավորման առաջնային և յուրատեսակ բարձրագույն կրթական օջախ, ուր հասունանում էին արվեստագետների և հանրակրթական ասպարեզի մեջ անհատականությունը բարձր պահող ուսուցիչների նորանոր սերունդներ, նրանք, որոնց վստահվում էր ջահակիրներ լինել, հավատալ իրենց ուժին:

Ընդգծենք, այսօր էլ, երկարամյա վաստակաշատ դեկանի մահից տասնյակ տարիներ անց, ֆակուլտետը պահում է իր վարկանիշը բուհերի մրցակցության մեջ: Պարզ է ու ակներև մի ճշմարտություն՝ Կարլեն Միրզախանյանին լավագույնս հաջողվել էր մանկավարժական համալսարանում ձևավորել երկրի համար ոչ սովորական ուսումնական ստորաբաժանում: Այստեղ էին մշակութային ոլորտում անուն հանած լավագույն մասնագետների համախումբը, ճանաչված արվեստագետ ուժերի աստղաբույլ, որոնց համար նախ և առաջ հպարտանում էին ուսանողները՝ իրենց մեջ հայտնաբերված մանկավարժի ներուժը ի ցույց դնելով, որ ասեին՝ ես Հենրիկ Մալյանի դասարանից եմ եղել, ես՝ Ֆրունզիկ Դովլաթյանի, Ազատ Ղարիբյանի կամ Հակոբ Ոսկանյանի, Յուրի Երզնկյանի, Վանուշ Խանամիրյանի, Ալբերտ Յավուրյանի և նրանց նմանների: Երախտավորներ, որոնց համար արվեստագետի ոգին զորացնելու գաղտնիքն ուներ Կարլեն Միրզախանյանը: Սա հաջողության գրավական էր արդեն ձեռագիր մշակած յուրաքանչյուր արվետագետի համար, կանխորոշված, գիտակից ընտրություն վաղվա ինքնուրույն քայլերում:

Կարլեն Միրզախանյանի հավաքական բնավորության գծերի մեջ համատեղվում էին մարդու սրատես հայացքը, կենսախնդությունը, սուր հումորը, բայց և պատվախնդրությունը, պահանջկոտությունը, դիմացինի ներքինը անմիջապես որսալու անսխալ բնազդը: Նա ուսանողին կերպափոխելու բացառիկ հատկություն ուներ. անգամ երբ կատակում էր, զննում էր ու կողմնորոշվում շատ արագ, կռահում, թե ով է իր առջև: Դու դեռ կարող էիր նախնական տպավորության գերին մնալ, նա արդեն որոշում էր քո տեղը միջավայրում՝ լրջախոհ գիտնական լինեիր, թե մարզից առաջին անգամ եկած համալսարանական միջանցքներում շփոթահար ուսանող:

Բնազդ էր դա, որ գուցե գալիս էր իր խորաթափանց ծնողներից՝ հանրապետությունում ճանաչված, նշանավոր մտավորականներ՝ իրավաբան Ժիրայր և պատմաբան Եվգենիա Միրզախանյանների բերած, արյան մեջ ներարկած ավանդից, կրթության հանդեպ ակնածության դասերից, որոնք այսօր անցել են որդուն՝ նույն ճանապարհով գիտական և կազմակերպական բարձունքի ուղի հաղթահարած պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանին:

Հիրավի՛, ավանդույթի շարունակական ճանապարհ է սա, որ հիացում է առաջացնում, կրթության շինարարի աշխատանքին Միրզախանյանների գերդաստանի անսակարկ նվիրվածության վկայություն:

Այդպիսին է Կարլեն Միրզախանյան մանկավարժ-գիտնականի անցած ուսանելի հարուստ ուղին մեր տպավորություններում:

Սուրեն Դանիելյան, «ԱԶԳ», 18 օգոսոտոսի, 2023 թ․

«Զարթօնք», Լիբանան

«Սարդարապատ», Արգենտինա

«Պայքար», ԱՄՆ

"Голос Армении" թերթում լույս է տեսել բ․գ․դ․, պրոֆեսոր Ռուզան Թադևոսյանի հոդվածը՝ "Живая память"` նվիրված Կարլեն Միրզախանյանի 100-ամյակին։ Հոդվածը ներկայացված է կայքի ռուսալեզու էջում։