Այսօր Մանկավարժական համալսարանում էր Մոսկվայի կրթական հաստատությունների ղեկավարների և ուսուցիչների պատվիրակությունը.այցը կազմակերպվել էր Ռուսաստանի Դաշնության ազգային պետական քաղաքականության գործունեության (2015-2025թթ.) իրականացմանն ուղղված միջազգային համագործակցության և պետական ծրագրերի շրջանակներում:
Ռուսական պատվիրակության նախաձեռնությամբ կազմակերպված այցի, բուհի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման նպատակն էր միավորել մանկավարժական համայնքի ներուժը, ծանոթանալ ՀՀ հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթական չափորոշիչներին, փոխանակվել հարուստ մանկավարժական փորձով՝ խթանելով Հայաստանում և Ռուսասատանում դպրոցականների ուսուցման գործընթացի զարգացմանը, ինչպես նաև հետագա համագործակցության համար հաստատել ամուր գործընկերային կապեր:
ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ներկայացրեց իր ղեկավարած ուսումնական հաստատությունը՝ նկատելով, որ Հայաստանի խոշորագույն մանկավարժական բուհը կրթական հաստատություն է ողջ աշխարհի հայերի համար:
Բուհի ռեկտորը կարևորեց ՌԴ-ում հայկական դպրոցների առկայությունը՝ նկատի ունենալով հայկական ամենամեծ համայքի առկայությունը:
Խոսելով Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ ջերմ հարաբերությունների և համագործակցության մասին՝ Ռուբեն Միրզախանյանը վստահեցրեց՝ սա սոսկ մանկավարժների համագործակցություն չէ. 4-րդ տարին անընդմեջ կազմակերպվում է «Ամառային դպրոց» միջազգային ծրագիրը, ինչը նաև ուսանողական շփումների, համագործակցության հիանալի հարթակ է:
Պատվիրակության ղեկավար, Մոսկվայի № 967 դպրոցի տնօրեն Արմինե Առաքելյանը, հանդիպման ընթացքում նկատեց, որ կրթությունը միջազգային հաղորդակցության ամենաարդյունավետ ձևն է.«Ակնհայտ է, որ գլոբալիզացիայի դարաշրջանում տեղեկատվության փոխանակումը, գիտական հետազոտությունը, մասնագետների միջև կրթական ձեռքբերումները տնտեսության և սոցիալական ոլորտում հաջողության հիմնական խթանն են: Ազգային մշակույթի առանձնահատկությունները, մեր ժողովուրդների աշխարհայացքն ու փորձի փոխանակումը՝ Հայաստանի և Ռուսաստանի կրթական համակարգի զարգացման գլխավոր նախապայմաններն են»:
Արմինե Առաքելյանը հայերեն և ռուսերեն լեզուների ուսուցումը կարևորեց Ռուսաստանում հայ երեխաների ադապտացման, ինչպես նաև այդ երկրից Հայաստան վերադարձածների լեզվական անջրպետը հաղթահարելու տեսանկյունից:
Պատվիրակության ղեկավարը գիտաժողովի շրջանակներում անցկացվող հանդիպման համար շնորհակալական նամակ հանձնեց ՀՊՄՀ-ի ռեկտորին, իսկ բուհի թանգարանին փոխանցեց Ռուսաստանի մասին պատմական գիրք:
old.aspu.am-ի հետ զրույցում ԿԳ նախարարության Արտաքին կապերի և սփյուռքի վարչության մասնագետ Ամալյա Քոչարյանը ևս կարևորեց պատվիրակության այցը՝ նշելով, որ ներկայացված բոլոր դպրոցներում դասավանդվում է հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները, ինչը կարող է նախադեպ դառնալ ռուսաստանյան այլ դպրոցների համար ևս:
Ռուս-հայկական կրթական համագործակցության շրջանակներում ապրիլի 28-ից մայիսի 3-ը Հայաստանում անցկացվող միջազգային գիտաժողովը կլրացվի հանդիպումներով և համագործակցության հուշագրերով: Ռուս պատվիրակները կլինեն կրթական և մշակութային այլ հաստատություններում ևս:
Հանդիպումը շարունակվեց կրթական ոլորտում առկա խնդիրների քննարկմամբ.հյուրերը այցելեցին բուհի թանգարան, եղան Առաջին համալսարանական ռադիոյում, ապա նաև ծանոթացան Շախմատի կրթական հետազոտությունների լաբորատորիայի գործունեությանը: