ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կստեղծվի հայկական քաղաքակրթության գիտական հայեցակարգ
12.07.2016
Կստեղծվի հայկական քաղաքակրթության գիտական հայեցակարգ

«Մանկավարժական համալսարանը մեր երկրի կյանքում ունի բացառիկ դերակատարում. ինչպիսին է դպրոցը և ինչպիսին այն կլինի՝ կախված է ուսուցչից: Լինելով մանկավարժական խոշորագույն հաստատություն՝ պետք է լուրջ քայլեր ձեռնարկենք դպրոցաշինության մեջ արմատական փոփոխություններ կատարելու համար: Դրանում Հայկական քաղաքակրթության ուսումնասիրման լաբորատորիան ևս ունի մեծ նշանակություն. հայոց պատմությունն ու քաղաքակրթությունը բոլորին հասանելի դարձնելը բուհն համարում է իր կարևորագույն անելիքներից մեկը»,-«Հայկական քաղաքակրթության արդի հիմնախնդիրները» խորագրով գիտաժողովի բացման ժամանակ նշեց բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն ու հույս հայտնեց, որ մոտ ապագայում լաբորատորիայի հիմքի վրա կստեծվի համանուն ինստիտուտ:

Գիտաժողովին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի և գիտա-կրթական տարբեր հաստատությունների ներկայցուցիչներ:

Ռեկտորը ևս մեկ անգամ ընդգծեց, որ բուհերի ապագան հետազոտական է, ինչն ընդունված երևույթ է աշխարհի համալսարանական պրակտիկայում: Անդրադառնալով արտասահմանյան գործընկերների հետ համագործակցությանը՝ Ռուբեն Միրզախանյանը վստահեցրեց, որ նրանցից շատերը հատուկ հետաքրքրվածություն ունեն հատկապես հայագիտության և հայկակական քաղաքակրթության ուսումնասիրման վերաբերյալ:

«Վերջին տարիներին Հայաստանում՝ նույնիսկ կառավարական մակարդակներում հայկական քաղաքակրթության ուսումնասիրման փորձեր արվեցին, որոնք, ցավոք, շարունակություն չունեցան: Լաբորատորիայի առջև խնդիր է դրվել նոր ճանապարհով առաջ գնալ՝ ստեղծելու հայկական քաղաքակրթության վերաբերյալ գիտական հայեցակարգ»,-նշեց Հայկական քաղաքակրթության ուսումնասիրման լաբորատորիայի, Համշախարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Ռուբեն Սաֆրաստյանը՝ հավելելով, որ մանկավարժության և հասարակագիտության ոլորտների առաջատար մասնագետների մասնակցությամբ արդենիսկ անցկացվել են քննարկումներ. խնդիրն իրականացնելու համար բուհն ունի անհրաժեշտ գիտական ներուժ:

Ռուբեն Սաֆրաստյանը վստահեցրեց, որ հայեցակարգի մշակման ճանապարհին լաբորատորիան կփորձի գնալ համադրման ճանապարհով, կստեղծվի գիտական կոլեկտիվ, իսկ ստեղծվելիք հայեցակարգն էլ կկրի կոնվենցիոնալ բնույթ. «Պետք է ոչ թե ապացուցել, որ եղել է հայկական քաղաքակրթություն, այլ հայկական սերուցքի, հայոց ինտելեկտուալ և հոգևոր ընտրանու շրջանակներում համաձայնության գալ դրա վերաբերյալ: 21-րդ դարը նոր և վտանգավոր մարտահրավերներ է բերում. հայեցակարգը լինելու է դրա արժանի պատասխանը»,-հավելեց պրոֆեսորն ու ցանկություն հայտնեց ընդլայնել լաբորատորիայի գործունեությունը՝ հասնելով նրա համահայկական նշանակությանը:

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանն էլ նկատեց՝ լաբորատորիան ունի համահամալսարանական նշանակություն, սակայն անմիջականորեն առնչվում է հենց ֆակուլտետի հետ. «Սկիզբ է դրվել հետազոտական ֆակուլտետ դառնալու նախաձեռնությանը, ինչն իրականության մեջ հայկական քաղաքակրթության ուսումնասիրման առաջին և հաստատուն քայլն է, քանի որ գիտական մակարդակներում մինչ օրս կա որոշակի կողմոնորոշիչների շփոթ»,-նշեց Էդգար Հովհաննիսյանն ու հավելեց, որ նման ձեռնարկները կոչված են հայկական քաղաքակրթության առանցքային հարցերի հետ կապված գիտական և տեսական հիմք դնելու, բանաձևեր սահմանելուն:

Գիտաժողովի բացմանը հաջորդեցին մասնակիցների զեկույցները, որոնցում անդրադարձան ազգային արժեքներին, համաշխարհայնացման արդի փուլում արժեհամակարգի պահպանման խնդիրներին, Սփյուռքի և դրա քաղաքակրթության դերակատարմանն ու այլ հարցերին:

Զեկուցողներին տրվեցին հարցեր, եղավ ակտիվ քննարկում: