Մանկավարժական համալսարանում շարունակվում են պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստումները.այսօր մեկնարկել է Օտար լեզուների ֆակուլտետի Ռոմանագերմանական և Օտար լեզուների ուսուցման ամբիոնների կազմի անգլերեն լեզու և գրականություն գծով /36 ժամ տևողությամբ/ երկշաբաթյա մասնագիտական վերապատրաստումը:
Գործընթացն իրականացվում է Գիտահետազոտական կենտրոնի կողմից մշակված վերապատրաստման հատուկ ձևաչափով, որին կմասնակցի ֆակուլտետի 16 դասախոս:
Այս անգամ վերապատրաստումներն անցկացնելու համար Մանկավարժականում է Օլդ Դոմինիոնի (ԱՄՆ) համալսարանի Անգլերեն լեզվի կենտրոնի հրավիրյալ դասախոս Գրեգ Ռեյվըր Լեմփմընը:
Գեղարվեստական մի շարք գրքերի հեղինակն ունի նաև դասավանդման երկար տարիների փորձ, զբաղվել է լրագրությամբ, մի շարք ամսագրերում հանդես եկել որպես խմբագիր:
Վերապատրաստման ընթացքում դասախոսություններով հանդես կգան նաև բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ելենա Մխիթարյանը, հոգեբանական գիտությունների դոկտոր Կամո Վարդանյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Թադևոսյանը, ԵՊՀ-ի ասիստենտ Սերոբ Խաչատրյանը:
«Վերապատրաստումների նպատակն է նպաստել արդյունավետ մասնագիտական գործունեության ծավալմանը: Այդ պատճառով՝ գործընթացում առավելապես կարևորվում են վերապատրաստող անձնակազմի մասնագիտական որակները»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Կամո Վարդանյանը:
Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր: