ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Կյանքի ստեղները»․․․
26.04.2023
«Կյանքի ստեղները»․․․

«Նարեկացի» արվեստի միությունում կայացավ ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Երաժշտության մանկավարժության ամբիոնի դոցենտ, մանկավարժ, դաշնակահարուհի Լիլյա Խաչատրյանի ստեղծագործական գործունեության 50-ամյակին նվիրված «Կյանքի ստեղները» վոկալ-գործիքային երաժշտության համերգը։

Միջոցառմանը ներկա էին ամբիոնի դասախոս-գործընկերները, ուսանողներ, տարբեր տարիների սաներ, որոնք այսօր երգ-երաժշտություն են դասավանդում հանրապետության մի շարք դպրոցներում։

Հաղորդավար Սիրանուշ Եղիազարյանի՝ Լիլյա Խաչատրյանի կյանքի ամենատարբեր շրջաններին վերաբերող հետաքրքիր փաստերի միջոցով հանդիսատեսը նորովի բացահայտեց մանկավարժ-դաշնակահարուհուն․«Թեև ծնողները նրա համար այլ ճանապարհ էին կանխորոշել, բայց Լիլյա Խաչատրյանն ընտրեց իր համար ճակատագրական այլ մասնագիտություն․ հավատարմագրվեց մանկավարժի և երաժիշտի մասնագիտությանն ու առաքելությանը՝ կրթելով տարբեր սերունդների»։

Լիլյա Խաչատրյանն իր գործունեության ընթացքում աշխատել է տարբեր կրթօջախներում, իսկ 1983 թվականից՝ Մանկավարժական համալսարանում։

Նրա սաները հանրապետության և տարբեր երկրների մրցույթների հաղթողներ են։

Երեկոն վերածվեց վոկալ-գործիքային երաժշտության տոնի, որտեղ յուրաքանչյուր կատարում ուներ իր պատմությունը և հանդիսատեսին մատուցվեց հավուր պատշաճի։

Լիլյա Խաչատրյանի երաժշտական ստեղծագործությունների հիման վրա գրված երգերի կատարմամբ հանդես եկան ամբիոնի իլյուստրատոր Տաթև Մովսեսյանն ու կոնցերտմայստեր Ռուբեն Կարասեֆերյանը, երաժշտական կատարումներ ներկայացրին նաև բուհի շրջանավարտ Վաչագան Բդոյանը, 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողներ Աիդա Գևորգյանն ու Սեդա Օհանյանը։

Լուսանկարները՝ «Նարեկացի» արվեստի միության