81 տարեկանում կյանքից հեռացավ Մանկավարժական համալսարանի շրջանավարտ, բանաստեղծ, գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը։
Ռազմիկ Դավոյանը ծնվել է 1940 թ. հուլիսի 3-ին Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գյուղում: Տարրական կրթությունը ստացել է տեղի դպրոցում։ 1949-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Գյումրի, ուր ավարտել է միջնակարգ դպրոցը և տեղի բժշկական ուսումնարանը:
1959-1964 թվականներին սովորել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը:
Ուսանելուն զուգընթաց աշխատել է «Գիտություն և տեխնիկա» ամսագրի հիմնադիր խմբագրությունում, նաև «Գրական թերթի» խմբագրությունում՝ որպես սրբագրիչ: 1965-ից վարել է «Գրական թերթի» պոեզիայի և արձակի բաժինը: 1970 թ. աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում՝ որպես ավագ խորհրդական: 1975-1990 թթ. եղել է Հայաստանի պետական մրցանակների կոմիտեի պատասխանատու քարտուղարը:
1989-ին նշանակվել է Հայաստանի Գերագույն խորհրդի Աղետի գոտու հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ։
1991-1999 թթ. եղել է Համազգային հայ կրթական և մշակութային միության՝ Հայաստանի վարչության նախագահը։
1994-1996 թթ. Հայաստանի Գրողների միության վարչության նախագահն էր:
1999-2003 թթ.՝ Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական:
2005-2007 թթ.՝ «Երևան» վավերագրական ֆիլմերի ստուդիայի տնօրեն:
2007-2018 թթ.՝ «Հ1» հեռուստաընկերության տնօրենի խորհրդական:
Առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1957 թ. Լենինականի «Բանվոր» թերթում, առաջին ժողովածուն՝ 1963-ին: Ավելի քան 40 ժողովածուի և գրքերի հեղինակ է, այդ թվում՝ ռուսերեն, չեխերեն և անգլերեն լեզուներով։ Նրա ստեղծությունները տպագրվել են իտալական, ֆրանսիական, հարավսլավական, իրանական, չինական և ամերիկյան պարբերականներում։ Ռազմիկ Դավոյանի կյանքին ու գործունեությանն անդրադարձել են «Լիտերատուրնայա Գազետա», ֆրանսիական «Ֆիգարո» բրիտանական «Թայմզ» և «Ուասաֆիրի» պարբերականները։
1969-ին՝ հինգ տարի արգելափակվելուց հետո, հրատարակվում է «Ռեքվիեմը», 1972-ին առաջին անգամ Բեյրութում ՝ «Խաչերի ջարդը» պոեմը, իսկ «Թորոս Ռոսլին» պոեմը առաջին անգամ տպագրվում է Նյու Յորքում, 1984-ին։
Չեխական հեղինակավոր «Օդեոն» հրատարակչությունը նրա ստեղծագործությունները ներառել է համաշխարհային գրականության անթոլոգիայում։Պարգևատրվել է մի շարք պետական պարգևներով՝ ՀԽՍՀ պետական մրցանակ, Հայաստանի պետական մրցանակ, Հայաստանի Պետական առաջին կարգի մրցանակ, Հայաստանի «Մեսրոպ Մաշտոց» մեդալ, Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ , Հայաստանի վարչապետի հուշամեդալ, Երևանի պատվավոր քաղաքացի։
Մանկավարժական համալսարանի անվանի շրջանավարտը հաճախ էր հյուրընկալվում բուհում։ Դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանը նա մշտապես անթաքույց սիրով ու հիացմունքով էր խոսում հարազատ բուհի մասին, վերհիշում անցյալն ու տարիների հեռվից ապագա մանկավարժներին ներկայացնում ուսանողական տարիներին ապրած հետաքրքիր պատմություններն ու հիշարժան դրվագները։ Բուհի 90-ամյակի առթւվ Ռազմիկ Դավոյանին շնորհվեց «Մանկավարժական համալսարան» մեդալ։
Մանկավարժական համալսարանն իր խորը վշտակցությունն է հայտնում Ռազմիկ Դավոյանի՝ շնորհաշատ բանաստեղծի և բուհի անվանի շրջանավարտի հարազատներին, մտերիմներին ու գործընկերներին։