ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կյանքից հեռացավ պրոֆեսոր Կարլեն Թոփչյանը
12.04.2017
Կյանքից հեռացավ պրոֆեսոր Կարլեն Թոփչյանը

Կյանքի 80-րդ տարում վախճանվել է Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Երաժշտության մանկավարժության ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարլեն Խաչատուրի Թոփչյանը:

Պրոֆեսորը ծնվել է 1937թ. փետրվարի 14-ին Ախլցխայում: Մանկությունն անցել է Գյումրիում, որտեղ հաճախել է երաժշտական դպրոց, ապա ավարտել Կ. Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանը: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ուսանել է Հայաստանի նշանավոր մանկավարժ-դաշնակահար, պրոֆեսոր Ռ. Անդրիասյանի դասարանում: Երկար տարիներ աշխատելով Ազգային Ակադեմիական երգչախմբում հռչակավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի հետ որպես կոնցերտմայստեր՝ Թոփչյանը դրսևորել է փայլուն կատարողական վարպետություն: Աշխարհի տարբեր երկրներում բազմիցս մասնակցել է համերգների և շրջագայությունների:

Շուրջ 20 տարի վաստակավոր արտիստ Կարլեն Թոփչյանը Մանկավարժական համալսարանում աշխատել է որպես նվագարանների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր: Նա սիրված էր բոլորի կողմից իր մարդկային բարձր հատկանիշների և պրոֆեսիոնալիզմի համար:

Նրա ուսանողները հաջողությամբ աշխատում են Հայաստանի տարբեր երաժշտական հաստատություններում: Վաստակաշատ մանկավարժի, կատարող-դաշնակահարի և օրինակելի մարդու հիշատակը միշտ վառ կմնա գործընկերների և ուսանողների սրտերում: