Կյանքի 85-րդ տարում մահացել է Մանկավարժական համալսարանի Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի պրոֆեսորի պաշտոնակատար, բանասիրական գիտությունների դոկտոր Կամարնիկ (Երջանիկ) Գևորգյանը:
Կամարնիկ Գևորգյանը 1958-1970թթ-ին աշխատել է կույրերի միավորման տպարանում որպես սրբագրիչ, խմբագիր, 1970-1985թթ-ին դասախոսել է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնում, իսկ 1985թ-ից առ այսօր՝ նույն բուհի ՀՀԻ առաջատար գիտաշխատող:
1994-2008թթ-ին նա աշխատել է Հայաստանի լեզվի պետական տեսչությունում որպես դասախոս-մեթոդիստ և վերահսկել հեռուստառադիոհաղորդումները:
Կամարնիկ Գևորգյանը 2013-ից մինչ օրս ՀՊՄՀ-ի Հատուկ կրթության և մանկավարժության ամբիոնի դասախոս էր: Թեև ուներ տեսողության խանգարում, բայց դա չէր խոչընդոտում դասավանդել ապագա հատուկ մանկավարժներին, որոնք հետագայում պիտի աշխատեին հենց տեսողության խանգարումներ ունեցողների հետ:
Նա տարբեր կազմակերպությունների պատվավոր անդամ էր, մի շարք գիտական հոդվածների հեղինակ: Կամարնիկ (Երջանիկ) Գևորգյանի՝ վաստակաշատ մանկավարժի և լեզվաբանի հիշատակը վառ կմնա իր գործընկերների և ուսանողների սրտերում: