Կյանքի 87-րդ տարում մահացել է Մանկավարժական համալսարանի երկարամյա դասախոս, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Սուրեն Հասմիկյանը։
Սուրեն Հասմիկյանը ծնվել է 1935 թվականին, Երևանում։ Նա դերասանուհի Հասմիկի թոռն էր և մանկուց որոշել էր՝ արվեստի որևէ ճյուղով զբաղվելու դեպքում, ի պատիվ տատիկի, անպայման կընտրի «Հասմիկյան» կեղծանունը։ Այն հետագայում դարձավ նրա «պաշտոնական» ազգանունը։
1957 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուս գրականության բաժինը, ապա 1961 թվականին՝ Մոսկվայում ասպիրանտուրան՝ կինոգիտության գծով։ Եղել է առաջին կինոգետներից, որ գիտական ուսումնասիրության առարկա է դարձրել հայ կինոն։ 1960-ականներին աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես խմբագիր։ 1971-1982 թվականներին եղել է Հայաստանի Պետկինոյի գլխավոր խմբագիրը, 1989 թվականից՝ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կինոքննադատների կոլեգիայի նախագահ։ 1968-1978 թվականներին հեռուստատեսությունում վարել է հայ կինոյին նվիրված հաղորդաշար։ 1991 թվականին նկարահանվել է Վիգեն Չալդրանյանի «Ձայն բարբառոյ...» ֆիլմում։
1972 թվականից Սուրեն Հասմիկյանը դասավանդել է Մանկավաժական համալսարանում՝ կրթելով ապագա ռեժիսորների տասնյակ սերունդներ։ Իր երկարամյա գործունեության ընթացքում նա դասավանդել է կինոյի և ռեժիսուրայի պատմություն և այլ առարկաներ, սակայն սերունդները նրան հիշում և մեծարում են իբրև հանրագիտակ մարդու, մեծ արվեստագետի, ումից ամեն օր կարելի էր նոր բան սովորել։
Սուրեն Հասմիկյանը ավելի քան 1000 կինոքննադատական հոդվածների, բազմաթիվ սցենարների և գրքերի հեղինակ է։ Արժանացել է բազմաթիվ պարգևների։
Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը ցավակցում է Սուրեն Հասմիկյանի ընտանիքին և մտերիմներին։ Թատերարվեստի նվիրյալի, մտավորականի և վաստակաշատ մանկավարժի հիշատակը վառ կմնա իր գործընկերների և ուսանողների սրտերում:
Հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին՝ ժամը 17․00-ին՝ Նուբարաշեն խճուղի 46 հասցեի սգո սրահում, հուղարկավորությունը՝ նույն վայրից՝ հոկտեմբերի 15-ին ժամը 14․00-ին։