Խոր վշտով տեղեկացնում ենք, որ կյանքի 61-րդ տարում կյանքից անժամանակ հեռացել է ՀՊՄՀ Պարարվեստի մանկավարժության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս Նելլի Աբովյանը:
Նելլի Աբովյանը ծնվել է 1962թվականին: 1984թվականին ավարտել է Հայկական պետական մանկավաժական ինստիտուտի Կուլտուրայի ֆակուլտետի պարային բաժինը:
Մեծ է եղել նրա վաստակը հայ մանուկների գեղագիտական դաստիարակության և պարուսուցման գործում։
Տարբեր տարիների պարուսույց է աշխատել մի շարք հաստատություններում, այդ թվում՝ էլեկտրոնային հաշվիչ մեքենաների տեխնիկումում, Կանազի մշակույթի պալատում, ՀՀ Պաշտպանության նախարարությունում, Քաղաքային պիոներ պալատում, Կույր և թույլ տեսնող երեխաների դպրոցում, Էստրադային և Ջազային արվեստի պետական քոլեջում:
1984 թվականից առ այսօր դասավանում էր հարազատ բուհում՝ Մանկավարժականում՝ երիտասարդ սերնդին փոխանցելով պարարվեստի մանկավարժության և պարագիտության ոլորտում ունեցած մասնագիտական հմտություններն ու փորձը:
Նելլի Աբովյանը վայելում էր պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների սերն ու հարգանքը: Երկարամյա գործունեության համար 2008 թվականին պարգևատրվել էր ՀՊՄՀ «Մանկավարժական համալսարան» մեդալով:
Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը ցավակցում է գործընկերոջ ընտանիքին՝ Նելլի Աբովյանի անժամանակ մահվան կապակցությամբ:
Վաստակաշատ մանկավարժի հիշատակը վառ կմնա իր գործընկերների և ուսանողների սրտերում:
Նելլի Աբովյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 25-ին՝ ժամը 17:30-20:00-ն, «Եդեմ» սգո սրահում։