ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կյանքից հեռացել է պրոֆեսոր Սերգո Երիցյանը
24.06.2023
Կյանքից հեռացել է պրոֆեսոր Սերգո Երիցյանը

Խոր վշտով տեղեկացնում ենք, որ կյանքի 66-րդ տարում մահացել է Մանկավարժական համալսարանի Հեռուստալրագրության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Սերգո Երիցյանը։

1975-1978 թթ. Սերգո Երիցյանը սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում, 1978-1981 թթ.` Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, ապա` նույն մասնագիտության ասպիրանտուրայում։

1981 թվականից Սերգո Երիցյանը դասավանդել է տարբեր բուհերում, այդ թվում նաև` Մանկավարժական համալսարանում։

66 տարիների ընթացքում Սերգո Երիցյանը զբաղեցրել է տարբեր պաշտոններ` ԱԺ պատգամավոր, ԿԳ նախարար, ՀՀ նախագահի խորհրդական, Լեզվի պետական տեսչության ղեկավար և այլն։

Բազմաթիվ գրքերի, մասնագիտական ձեռնարկների, գիտական հրապարակումների հեղինակ է։

Ապագա լրագրողների տասնյակ սերունդների Սերգո Երիցյանը փոխանցել է լրագրության տեսական և պրակտիկ սեփական փորձը, այն վարպետությունը, որ երկարամյա լրագրողը կուտակել էր ոլորտում բեղմնավոր աշխատանքի արդյունքում։ Նա հայ լրագրության այն նվիրյալներից էր, որն անուրանալի ավանդ է ունեցել լրագրողների տասնյակ սերունդների կրթության, մասնագիտական ուղին հարթելու գործում։

1981 թվականից Սերգո Երիցյանը վարում էր «Կարծիք» հեղինակային հաղորդումը, որը մինչ օրս հիշում և դիտում են հեռուստադիտողների տարբեր սերունդներ։

Սերգո Երիցյանի` լրագրողի, պետական գործչի և մանկավարժի կյանքն ու անցած ուղին համակ նվիրում է հայ լրագրության զարգացմանը, ինչպես նաև բուհական մանկավարժությանը. դրանք ասես մի ամբողջ ժառանգություն են գալիք սերունդների կրթության համար։

Պրոֆեսոր Սերգո Երիցյան գիտնականի, վաստակաշատ լրագրողի և նվիրյալ մանկավարժի հիշատակը վառ կմնա գործընկերների և ուսանողների սրտերում. Նրա կորուստը մեծ է հայկական լրագրողական հանրության համար։

Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը ցավակցում է Երիցյանների ընտանիքին` Սերգո Երիցյանի մահվան կապակցությամբ։