ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լա Կոռունայի համալսարանի պրոֆեսորը դասախոսություն կարդաց
24.03.2016
Լա Կոռունայի համալսարանի պրոֆեսորը դասախոսություն կարդաց

Մանկավարժական համալսարանի շրջանավարտ, Իսպանիայի Լա Կոռունայի համալսարանի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Արտակ Մկրտչյանը «Միջազգային կազմակերպությունները՝ որպես հակամարտությունների լուծման գործիք» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ բուհի Պատմության և իրավագիտության ֆակուլտետում:

Հետաքրքիր, ինտերակտիվ  դասախոսությամբ բանախոսը պատմական էքսկուրս կարտարեց և ներկայացրեց, թե ինպես, ինչ նպատակով ստեղծվեցին միջազգային բազմաթիվ կազմակերպություններ, որն է դրանց առաքելությունը, դրանք միմյանցից ինչով են տարբերվում և այլն:

Արտակ Մկրտչյանը ընդգծեց, որ 20-րդ դարից սկսած իրավիճակն աշխարհում  կտրուկ փոխվեց՝ պայմանավորված պետությունների թվի աճով.«Պետությունների միջև համագործակցության անհրաժեշտությունից  դրդված՝ սկսեցին կազմակերպվել միջազգային կոնֆերանսներ, սակայն այդ ֆորմատով քննարկումներն արդյունքի չէին հանգեցնում և չէին բավարարում պետություններին: Հենց այս անհրաժեշտությունից ելնելով՝ ստեղծվեցին միջազգային կազմակերպությունները, առանց որոնց այսօր մեր կյանքը հնարավոր չէ պատկերացնել»,- ընդգծեց դոկտորը:

Վերջինը ներկայացրեց միջազգային կազմակերպությունների բնութագրումը՝ միջպետական կազմ, պայմանագրային իրավական հիմք, մշտական և անկախ մարմիններ, իրավական ինքնություն: Բանախոսն անդրադարձավ դասակարգմանը՝ դրանք առանձնացնելով ըստ նպատակների, կազմի և իրավասությունների:

Խոսելով հակամարտությունների լուծման գործում միջազգային կազմակերպությունների դերի մասին՝ Արտակ Մկրտչյանը նկատեց, որ անվտանգության վերաբերող հարցերը միշտ շատ կարևոր և դժվար են  յուրաքանչյուր պետության համար.«Կան շատ պետություններ, որոնք չեն անդամակցում միջազգային կազմակերպություններին, սակայն, մաս կազմելով միջազգային հանրությանը, հարգում են տվյալ կազմակերպության օրենքները»,- ասաց Արտակ Մկրտչյանը:
Անդրադառնալով ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը՝ բանախոսը նկատեց,  որ այն պետք է տեղի ունենա հակամարտող կողմերի համաձայնության, անաչառության, ուժի կիրառման բացառման պայմաններում:

ՄԱԿ-ի  խաղաղապահ առաքելությունը ներկայացնելիս՝ Արտակ Մկրտչյանը նկատեց, որ վերջին շրջանում կառույցը կարծես թե չի իրականցնում իր հիմնական սկզբունքը՝ հաշվի առնելով ներկայումս աշխարհում տիրող իրավիճակը.«Յուրաքանաչյուր պետություն նախևառաջ պետք է վստահ լինի և ապավինի սեփական ուժերին»,- ամփոփեց նա:

Ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանն անդրադառնալով դասախոսության թեմային՝  նկատեց, որ այն առավել  քան վերաբերում է մեր երկրին և ժողովրդին, քանզի աշխարհում այսօր չլուծված էթնիկ խնդիրների շարքին է դասվում նաև Ղարաբաղյան հիմնախնդիրը, որի կարգավորման ուղղությամբ 20 տարուց ավել աշխատանքներ են տարվում»:

Դեկանն  ուրախությամբ նկատեց, որ համագործակցությունը կշարունակվի.արդենիսկ նախնական պայմանավորվածությամբ Մանկավարժական և Լա Կոռունայի համալսարանները պաշտոնապես կհամագործակցեն և իրականացնեն  ուսանողների փոխանակման ծրագրեր:

Շնորհակալություն հայտնելով հյուրին բովանդակալից դասախոսություն համար՝ Էդգար Հովհաննիսյանը այն համարեց  առաջին հաջողված քայլն էր: