ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լաուրա Բազյան
25.10.2022

Սովորեցի մարտահրավերները հաղթահարել կրթվելով: Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ:

Պատմության և հասարակագիտության ֆակուլտետ

Սովորեցի մարտահրավերները հաղթահարել կրթվելով: Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ:

2022 թվականի հունվար-հունիս ամիսներին ես մեծ հնարավորություն ունեցա մասնակցելու Էրազմուս+ կրեդիտային շարժունակության ծրագրին։ Սա իմ առաջին Էրազմուսի փորձն էր, և ես շատ ուրախ եմ, որ այն հաջողված էր: Մեծ ձեռքբերում էր սովորել Մեծ Բրիտանիայի Կիլի համալսարանում: Ինչու՞ հենց այս համալսարանը, քանի որ մեր՝ Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանը հաջողությամբ և սերտորեն համագործակցում է վերջինիս հետ:

Կրթության բոլոր բարիքներից օգտվելու ձգտումը, սեփական երկրի մշակույթը օտարներին ծանոթացնելու և նրանց մշակույթի դրական երևույթները հասարակության մեջ սերմանելու մոտիվացիան ինձ համոզեցին դիմել Էրազմուս ծրագրին:

Մանկավարժական համալսարանում սովորելու ընթացքում մշտապես հետևել եմ ուսանողին ընձեռած յուրաքանչյուր հնարավորությանը: Մտածում էի, եթե ունեմ ցանկություն ուսուցիչ դառնալու, ապա ինձ միանշանակ չէր խանգարի ունենալ հնարավորություն այլ երկրում ուսանելու համար: Նման դեպքում, եթե գիտակից անհատականությունը ձգտում է իր կրթական ռեսուրսները ավելացնել դրսում սովորելով, ապա նա չպետք է բաց թողնի իրեն տրված հնարավորությունը:

Անհատական ձգտումից զատ, այստեղ կարևորվեց նաև պրոֆեսորադասախոսական կազմի աջակցությունը, քանի որ առանց արմատների ծառը երբեք չի աճի:

Մեծ Բրիտանիայում ուսումնառության շրջանը օգնեց բազմակողմանի և համընթաց զարգացնել ոչ միայն պատմության վերաբերյալ գիտելիքները, այլև հնարավորություն տվեց կորզելու եվրոպական և բրիտանական կրթական ծրագրերի համակարգերը: Սրանից զատ, որպես ապագա ուսուցիչ, մանկավարժ կարողացա սերտել, թե ինպիսի մեթոդներով պետք է աշխատել յուրաքանչյուր սովորողի հետ նորագույն տեխնոլոգիայի դարաշրջանում:

Ամենակարևոր հաջողություններից մեկը հաղորդակցման ունակությունների զարգացումն էր: Մենք հասարակության մի մասն ենք կազմում, ուստի անհրաժեշտ են շփվելու և հաղորդակցվելու մինիմալ գիտելիքները:

Ապրած կյանքիս լավագույն հիշողությունները կապված են Էրազմուս + ծրագրի հետ,քանի որ այս մի քանի ամիսը ինձ համար հաջողությունների շղթա էր:

Ամենակարևոր հաջողությունները երևի թե սեփական ես-ը գտնելն ու կրթության մեջ նոր բացահայտումներ կատարելու հնարավորությունն էր: