Բանասիրական ֆակուլտետում կազմակերպվել էր հանդիպում «Գրական թերթ»-ի խմբագրակազմի և ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, գրող Գուրգեն Խանջյանի հետ:
Ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը խորհրդանշական համարեց ավագ շաբաթվա չարչարանքի ուրբաթ օրը կայացած հանդիպումը՝ նշելով, որ գրողներն էլ այդպիսի առաքելություն ունեն:
Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը ներկայացրեց գրողին և նրա «Տուր ձեռքդ, պստլո» վեպը, որն արժանացել է ՀՀ պետական մրցանակի:
Պրոֆեսոր Դոլուխանյանը փաստեց, որ Գրիգոր Խանջյանը չունենալով բանասիրական կրթություն, ստեղծել է խոր ճանաչողությամբ հայտնի գործեր, որոնցում համադրվում են միանգամից տարբեր ուղղություններ. «Գրողի հավատամքը հայի նկարագրի կերտումն է, նրա հերոսները հոգեկան խորություն ունեցող հայերն են»:
Ուսանողները ևս անդրադարձան «Տուր ձեռքդ, պստլո» վեպին՝ ընդգծելով գրողի՝ իրականությունների խաչմերուկում հայտնված մարդու կյանքի փիլիսոփայությանը:
Հանդիպումը շարունակվեց քննարկումների և երկխոսության ձևաչափում. Գուրգեն Խանջյանը և «Գրական թերթ»-ի անդամները պատասխանեցին ապագա բանասերների հարցերին՝ ներկայացնելով գրողի սկզբունքների ու կյանքի վերաբերյալ իրենց պատկերացումները: Նրանք ուսանողներին խորհուրդ տվեցին շատ կարդալ, որ կարողանան «առաջ ընկնել գրողից ու գրքերից»:
Գուրգեն Խանջյանը ցավով նկատեց՝ չնայած գրականության հանդեպ հետաքրքրությունը որոշ չափով մարել է, բայց գրականությունը չի կարող մեռնել կամ սպառել իրեն. «Լավ գրականության շուրջ ունենք էլիտար ընթերցող. այդպես է՝ լավ գրականությունը քիչ ընթերցող է ունենում»:
Ուսանողներն հարցեր ուղղեցին գրողի՝ պատմածքների վերաբերյալ ևս:
«Առանց դիմակի մարդ չկա: Ես փորձում եմ ինձ նման մարդուն այս գաղտնիքների մեջ չշփոթեցնել»,-նշեց Գուրգեն Խանջյանն ու հավելեց, որ աշխարհում կան մարդիկ, որոնք աշխարհը նույն կերպ են տեսնում: