«Գրական աշխարհի հետ հոգևոր տրոփով է կապված հարյուրամյա բուհի երբեմնի գրականության ամբիոնը, և այդ կապը տասնյակ տարիների մեջ թրծել են մեր գրականության երախտավորները։ Նրանք առաջինն այստեղ՝ Մանկավարժականում են ստացել ստեղծագործ խթանիչ նկարագիր, գրական ընկալումների, փառքի, տառապանքի դառնանուշ ճանապարհի ուղեգիր»,- նշեց պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը՝ «Մանկավարժականի երախտավորները․ գրողներ և գրականագետներ» խորագրով ուսանողական գիտաժողովի բացման ժամանակ։ Գիտաժողովը կազմակերպել էր ՀՊՄՀ-ի Բանասիրական ֆակուլտետի հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը։
Արձակի վարպետներ Մկրտիչ Սարգսյան, Հրանտ Մաթևոսյան, բանաստեղծներ Սուրեն Մուրադյան, Ռազմիկ Դավոյան, Արամայիս Սահակյան, Հակոբ Մովսես և շատ ուրիշներ․ պրոֆեսորը նկատում է՝ նրանց տաղանդը «բացվեց» բուհի լսարաններում, ազգային-քաղաքական կեցվածքի առճակատումներում։
Ամբիոնի վարիչ Սուրեն Դանիելյանը հպարտությամբ է նշում՝ գրողների կողքին էին գրականության հիմնասյուն-դասախոսներ Արշալյուս Բաբայանը, Վաչե Պարտիզունին, Հեկտոր Ռշտունին, Սևակ Արզումանյանն և այլք։
Նրանք իրենց ժամանակի ազգային գրական շարժման մեջ դիմագիծ պահած ուժեր էին, որոնց գործունեությունը լիարժեքորեն շարունակում են համեմատաբար նոր սերնդի գիտնական-մանկավարժները՝ դառնալով բուհի զարգացման նոր ուղենիշ։
ՀՊՄՀ-ի հիմնադրման 100-ամյակին նվիրված գիտաժողովին ներկա էր բուհի շրջանավարտ, բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը, դասախոսական կազմը, ուսանողներ։
«Մարդն ապրում է այնքան, որքան նրան հիշում են»․ Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Կամո Վարդանյանի դիտարկումն է։
Վերջինս վստահ է՝ նման միջոցառումների շնորհիվ են նաև «պեղում» բուհի մեծություններին, հասկանում անցյալն ու արժևորում ապագան։
Պրոֆեսորը կրկնակի կարևորեց գիտաժողովը՝ նկատի ունենալով ուսանողական նախաձեռնությունը․ դրանք այլ որակ ու խորհուրդ են հաղորդում ձեռնարկին՝ հնարավորություն տալով նորովի տեսնելու, մեկնաբանելու մեծությունների, որոնց ավանդն անգնահատելի է։
Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանն էլ նկատում է՝ ֆակուլտետը վերջին տարիներին ներկայանում է նոր դիմագծով․ այստեղ գիտական ատաղձն առաջնային է։
Դեկանը հորդորում է ուսանողներին զինվել հարուստ գիտելիքներով, մեթոդաբանությամբ՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի աշակերտներին փոխանցելու հայոց բառ ու բանը։
Վերջերս հայագիտության ոլորտում հանրապետական մրցույթի առաջին մրցանակակիր ճանաչված Բանասիրական ֆակուլտետի ուսանող Տաթև Թամրազյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, խոստովանեց՝ Մանկավարժական համալսարանի ուսանող լինելն իր համար պատիվ է։
Բուհի որդեգրած գաղափարախոսությունը, սկզբուքները, կրթության բանաձևն օգնում են պահպանել լավագույն ավանդույթները՝ միաժամանակ դարձնելով մրցունակ մասնագետ։
«Մանկավարժականի երախտավորները․ գրողներ և գրականագետներ» խորագրով ուսանողական գիտաժողովի թեմաներն ընդգրկում էին ֆակուլտետի երախտավորների ստեղծագործական ուղիները։
Ուսանողների գիտական հետաքրքրությունների շրջանակում էին Վաչե Պարտիզունու գնահատմամբ Վահան Տերյանի գրական ժառանգությունը, Սուրեն Մուրադյանի մանկական ստեղծագործությունները, Հրանտ Մաթևոսյանի «Նանա իշխանուհու կամուրջը» վիպակը, պատերազմի թեման Մկրտիչ Սարգսյանի «Կյանքը կրակի տակ» վեպում, Ռազմիկ Դավոյանի «Խաչերի ջարդը»-ը և այլն։
«Հիշելն ու արժևորելը սերունդների պարտքն է․ նրանցով է կերտվում ազգային կենսագրությունը, և առանց նրանց այն չափազանց աղքատիկ կլիներ»,- ամփոփեցին ուսանողները։
Գիտաժողովին ներկա բանաստեղծ Հակոբ Մովսեսը old.aspu.am-ի հետ զրույցում խոտովանում է՝ ամեն անգամ մեծ հուզմունքով է ոտք դնում կրթական այն հաստատություն, որն ավարտել է շուրջ 50 տարի առաջ։
Մանկավարժականի շրջանավարտը նկատում է՝ բուհում մանկավարժության սիրտը շարունակում է բաբախել․ ոգին, ոգևորությունն ու ուսանողական հետաքրությունը ևս պահպանվել է։
Հակոբ Մովսեսը վստահ է՝ ՀՀ–ում ավելի կարևոր, պատասխանատու և պետականաստեղծ մասնագիտություն, քան մանկավարժն է, գոյություն չունի․ «Մանկավարժությունն է պետության հիմքը․ հուսով եմ՝ այնքան խոհեմություն կունենանք, որ կհասկանանք բուհի առանձնահատուկ և առանձնաշնորհ կարգավիճակը»։
Հակոբ Մովսեսն ապագա մանկավարժներին հորդորեց լավ սովորել․ լավ մանկավարժը այս երկրի հիմքերի հիմքն է։