Նկարիչների միությունում այսօր բացվեց Մանկավարժական համալսարանի Կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր Լեմս Ներսիսյանի՝ «Հայաստանիս հոգևոր կանթեղները» խորագրով անհատական ցուցահանդեսը:
Նկարիչն այն նախատեսել էր դեռ նախորդ տարվա հոկտեմբերին, սակայն իրադարձությունները դասավորվեցին այնպես, որ այն կայացավ այսօր՝ Սուրբ Հարության տոնի նախօրեին:
Լեմս Ներսիսյանն այս ցուցահանդեսին ներկայացրել էր 72 ստեղծագործություն. դրանք Հայաստանի, Արցախի և Արևմտյան Հայաստանի նշանավոր եկեղեցիների գեղանկարներն էին:
«Նկարներիս հիմքում հավատքն է: Եկեղեցիներից շատերը գնացել եմ ոտքով, դրանց վերաբերվել նախ որպես ուխտագնացություն, ապա նոր միայն մշակույթ. եկեղեցիները մեր հոգևեր գանձերն են»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Լեմս Ներսիսյանն ու հավելեց, որ ստեղծագործությունները կցուցադրվեն նաև Էջմիածնի Գևորգյան ճեմարանում ու արտերկրում:
«Մռայլ ու մթնած օրվա տրամադրությունը փոխվում է նկարչի կտավները դիտելիս: Նա սիրում է հայրենիքը, սիրահարված է բնությանը և յուրովի է մատուցում իր տեսածը»,-բացման խոսքում նշեց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը և հույս հայտնեց՝ կգա մի ժամանակ, երբ արվեստաբաններն ավելի խորը կուսումնասիրեն նրա ստեղծագործությունները:
Վերջինս վստահ է՝ պրոֆեսորն իր գիտելիքները շռայլորեն փոխանցում է իր ուսանողներին:
«Նա կռիվ է տալիս հայրենի բնաշխարհի ամեն գեղեցիկի հետ». Լեմս Ներսիսյանին այսպես բնորոշեց ՀՀ ժողովրդական և վաստակավոր նկարիչ Հրանտ Թաթոսը և վստահեցրեց՝ երանություն է լինել բնության հետ համահունչ, ներդաշնակ նկարիչ, նրա հետ ապրել, սիրել և գնահատել փոխադարձ:
Ցուցադրությանը ներկա էին դասախոսներ, ուսանողներ, արվեստասեր հյուրեր: «Հայաստանիս հոգևոր կանթեղները» խորագրով ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 24-ը: