15 տարի առաջ հենց այս օրը` սեպտեմբերի 26-ը, աշխարհում լեզուների տարածման ու բազմազանության նպատակով Եվրախորհուրդն ու Եվրամիությունը հռչակեցին Լեզուների եվրոպական օր:
Մանկավարժական համալսարանում Հայաստանում «Գերմաներենի օրեր» ծրագրի շրջանակներում անցկացվող Լեզուների եվրոպական օրը (European Day of Languages – EDL) Օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ նշանավորվեց տոնական ձեռնարկով:
Միջոցառման ներկա էր ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը, որն իր խոսքում ընդգծեց լեզուների բազմազանության պահպանման կարևորությունը՝ նկատի ունենալով նաև ոչ լայն կիրառություն ունեցող լեզուները:
Դեսպանը նշեց, որ ի տարբերություն իր սերնդի ներակայցուցիչների, այսօրվա երիտասարդները առավել լայն հնարավորություն ունեն սովորելու, աշխատելու Եվրոպայի տարբեր երկրներում, և որպես գլխավոր նախապայման նշեց լեզուների իմացությունը.«Սեփական փորձով խորհուրդ եմ տալիս մեկ օտար լեզվից զատ, տիրապետել նաև երկրորդին»,-հավելեց Մաթիաս Քիսլերն ու լեզուներով հետաքրքրվողներին մաղթեց հաճելի ուսումնառություն, նորանոր գիտելիքներ:
Ներկաներին ողջունեց նաև ՀՊՄՀ-ի պրոռեկտոր Արա Երեմյանը և շնորհավորելով լեզուների եվրոպական օրվա կապակցությամբ՝ մաղթեց արդյունավետ աշխատանք: Կարևորելով օրվա առթիվ աշխարհում, իսկ 2012-ից նաև Մանկավարժականում անցկացվող միջոցառումները՝ պրռեկտորը նշեց. «Երկլեզվությունն ու բազմալեզվությունը շատ առավելություններ ունեն. նախ դյուրին են դարձնում այլ լեզուներ սովորելը և մարդկանց հետ հաղորդակցվելը, ինչպես նաև նպաստում առավել հեշտ աշխատանք գտնելուն»:
Օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Մելանյան Աստվածատրյանը ներկաներին ծանոթացրեց տոնի հետ կապված հետաքրքիր մանրամասներ, ընդգծեց օտար լեզուների տիրապետման կարևորությունը և հեռանկարները:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Մանկավարժականի ուսանողները, հանրապետության տարբեր դպրոցների, այդ թվում՝ ՀՊՄՀ-ի Հենակետային վարժարանի աշակերտները, ուսուցիչները, դասախոսներն ու այլ հրավիրյալ անձինք համերգային գեղեցիկ ծրագրով միացան տարբեր երկրներում տոնը նշող իրենց հասակակիցներին:
Ձեռնարկի ավարտին ցուցադրվեց Եվրախորհրդի գործունեության, նպատակների և նվաճումների մասին պատմող ֆիլմ: