«Աբրահամյան ազգանունը կրում են գիտության տարբեր ոլորտների նշանակալի դեմքեր, բայց պրոֆեսոր Աբրահամյան ասելիս նախևառաջ նկատի ենք ունենում մեծ մանկավարժ, գիտնական, լեզվաբան Աշոտ Աբրահամյանին: Նրա մեծագույն վաստակը, մեծ մանկավարժի անունը արդիական է բոլոր ժամանակների համար»,-նշեց ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը՝ ԳԱԱ թղթակից անդամ, լեզվաբան պրոֆեսոր Աշոտ Աբրահամյանի ծննդյան 100-ամյակի առթիվ կազմակերպված հանրապետական գիտաժողովի բացմանը:
Ռեկտորն ընդգծեց, որ հպարտ է պրոֆեսորի՝ Մանկավարժական համալսարանում երկար տարիներ դասավանդելու փաստով և անդրադարձավ նրա՝ գիտության մեջ ծանրակշիռ դեր ունեցող ձեռնարկներին ու աշխատություններին, որոնք զարդարել են հայագիտության ոլորտը և չեն կորցրել իրենց արդիականությունը: Ռուբեն Միրզախանյանը նաև պատմաբանի տեսանկյունից արժևորեց գիտնականի գործունեությունը և ընդգծեց՝ Աշոտ Աբրահամյանը մշտապես զերծ է եղել ժամանակի թելադրանքներից, եղել է բարձր:
«Սիրված դասախոս, բազմաթիվ գիտական գրքերի հեղինակ, մեծանուն գիտնական, որ իր անվամբ զարդարել է մանկավարժական մայր բուհն իր նկարագրով, գիտական վաստակով և մանկավարժական ծանրակշռույթով արժանի տեղ զբաղեցրել բուհի պատմության մեջ»,-նշեց Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը, ով իրեն այն երջանիկներից համարեց, որ աշակերտել է պրոֆեսոր Աբրահամյանին:
Աշոտ Գալստյանի կարծիքով՝ գիտնականի աշխատություններն ու ձեռնարկները, ճշգրիտ գիտական սահմանումները, ծանրակշիռ փաստարկները, վերլուծություններն ու ստուգաբանությունները մինչ օրս էլ անմրցելի են. «Մանկավարժ-հսկան իր աշակերտներին մղում էր այլևայլ հետազոտությունների, իսկ նրա սահմանած նժշաձողը շատ բարձր էր և´ ուսանողների, և´ գործընկերների համար»,-հավելեց դեկանը:
Գիտաժողովին մասնակցում էին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, գիտնականներ, նրա ընտանիքի անդամները, տարբեր տարիների ուսանողները:
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը ևս ուսանել է մեծ մանկավարժ Աշոտ Աբրահամյանին:
Խոսելով գիտնական և մանկավարժ Աշոտ Աբրահամյանի մասին՝ Աելիտա Դոլուխանյանը նշեց. «Ամեն տաղանդավոր մարդ ծնվում է իրականություն դարձնելու այն պարգևը, որ իրեն տրված է ի վերուստ. նրան ճակատագիրը կանխորոշել էր նվիրվել լեզվաբանությանը, հատկապես՝ արքայական գրաբարին, ու դառնալ ուսուցիչ՝ բարձրագույն դպրոցում նոր կադրեր պատրաստելու համար»:
Պրոֆեսոր Դոլուխանյանը գիտնականի գործունեությունը բաժանեց երկու մասի՝ մանկավարժ և գիտնական, ով իր աշխատանքում առաջնորդվում էր ազգապահպանման և մարդասիության գաղափարներով:
«Առաջին պահից զգացինք՝ մեզ դասավանդում է դասական մակարդակի գիտնական և մանկավարժ, խստապահանջ դասախոս, որ չէր սիրում, երբ ուսանողը թերանում էր. մեծ նվիրյալն ուզում էր նույնը փոխանցել նաև իր սաներին»,-նշեց Աելիտա Դոլուխանյանը:
Հանրապետական գիտաժողովին մասնակցում էր նաև Մ. Հերացու անվան ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հենրիետա Սուքիասյանը և նույն ամբիոնում գործող «Վերնատուն» գիտամշակութային կենտրոնի համանուն երգչախումբը: Ի դեպ, խմբի ուսանողները օտարազգիներ և սփյուռքահայեր են՝ հնդիկներ, պարսիկներ, հորդանանցիներ և սիրիահայեր, ովքեր երգեցին ժողովրդական երգեր և ասմունքնեցին հայերենով:
Լիագումար նիստից հետո գիտաժողովը շարունակվեց մասնաճյուղերում. զեկուցողներն անդրադարձան լեզվաբանի կիրառած բառուսուցման հնարներին, գրաբարի շարահյուսական իրողությունների նրա ըմբռնմանը և լեզվաբանական մի շարք առանձնահատկություններին: