ՀՊՄՀ-ի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնում հյուրընկալվել էր լիբանանահայ բանաստեղծ, արձակագիր, «Խոսնակ» ամսագրի երկարամյա խմբագիր, «Մովսես Խորենացի» մեդալակիր Համբիկ Մարտիրոսյանը:
«Այսօր իր մեծագույն տագնապի օրերն է ապրում Լիբանանը, և այս պայմաններում Համբիկ Մարտիրոսյանի նման նվիրյալներն իրենց աշխատանքով շարունակում են ապրեցնել Սփյուռքի երբեմնի «մայրաքաղաք» Բեյրութը»,- ներկայացնելով բանախոսին, որի ակունքները գալիս են Սեբաստիայից, նշեց Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը։
Համբիկ Մարտիրոսյանը «Լիբանանահայ կյանք. գրականություն և մամուլ» թեմայի շրջանակներում ներկայացրեց հայաշունչ գաղութի պատմությունը, ընթացքը և ներկայիս մարտահրավերները․ «1921 թվականից հետո ձևավորված գաղութը հայկական Սփյուռքի ամենից հայաշունչ միջավայրն էր և իզուր չէ, որ ժամանակին դիտարկվում էր իբրև «երկրորդ Հայաստան», ուր կային համայնքային հսկա կառույցներ, մշակութային, երիտասարդական կենտրոններ, վարժարաններ»,-դասախոսության հանդիպման ընթացքում նշեց բանախոսը:
Իբրև բազմամյա խմբագիր՝ Համբիկ Մարտիրոսյանը շեշտեց նաև մամուլի կենսական դերը համայնքի աշխուժացման գործում՝ ընդգծելով, որ այն ոչ միայն ժողովրդի հետ երկխոսելու ճանապարհն է, նրան «խաբրիկներ» հասցնելու ամենաարագ և արդյունավետ միջոցը, այլև ժամանակի գրական դեմքերի համար յուրատեսակ ամբիոն, որ բացահայտել է տարբեր սերունդների լիբանանահայ երևելի մի շարք գրողների․«Գրագետներ, որոնք առաջնորդեցին գրական կյանքը՝ իրենց գլխավոր նպատակը դարձնելով հայ գրի և գրականության ապրելու առաքելությունը»:
Բանախոսը ներկայացրեց նաև Լիբանանում տիրող ներկայիս վիճակը, ցավով նկատելով, որ մինչև 1975 թվականը կրթական և մշակութային լիաբուռն կյանքով ապրող համայնքն այսօր ծանր ժամանակների է դիմագրավում. պատերազմի պատճառով փակվել է շուրջ քսանութ հայկական վարժարան, կենտրոններ, շարունակվում է հայության գաղթի նոր փուլը:
Համբիկ Մարտիրոսյանը, այնուամենայնիվ, նկատում է՝ չնայած նշված դժվարություններին՝ լիբանանահայությունը շարունակում է պայքարել. ներկայումս գործում է երեք օրաթերթ, ինչպես նաև Սփյուռքի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Հայկազյան համալսարանը, որը լուրջ գիտական հայտ է ներկայացնում նաեւ Լիբանանի սահմաններից դուրս․«Հայոց լեզուն, հայ գրականությունը և մշակույթը հայորեն գոյատևելու գրավականն են»,-նշեց արձակագիրը։
Դասախոսութայն ավարտին լիբանանահայ բանաստեղծն ուսանողների համար ընթերցեց իր հեղինակած սիրային, հայրենասիրական, խոհական բանաստեղծություններից մի քանիսը, ապա իր հատորներից նվիրեց ներկաներին: