Մանկավարժական համալսարանի Ռեժիսուրայի ամբիոնի դոցենտի պաշտոնակատար, թատրոնի և կինոյի դերասանուհի, ռեժիսոր Լիլի Էլբակյանն իր կարիերայում նոր նվաճում է գրանցել։
Օրերս նա հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» ամենամյա կինոմրցանակաբաշխությանը մրցանակի արժանացավ «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում՝ ռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորելու համար: Սա պատմություն է մի աղջկա մասին, որի «ուրիշ» լինելը չընդունեց ու չհանդուրժեց հասարակությունը։
««Չնչիկն» իմ առաջին դերն էր լուրջ կինոյում: Ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստացա, երբ առաջին կուրսի ուսանողուհի էի։ Դասախոսս դեմ էր ուսանողական տարիներին նկարահանվելու գաղափարին, ինչի պատճառով էլ հրաժարվեցի դերից։ Դրանից հետո դեռ հինգ տարի ֆիլմի սցենարը գրվում և մշակվում էր։ Երբ ամեն ինչ ավարտված էր ռեժիսոր Արամ Շահբազյանը կրկին նույն առաջարկն արեց։ Ինստիտուտն ավարտել էի․դերը հետաքրքիր էր, իսկ առաջարկը՝ գայթակղիչ։ Համաձայնեցի և մասնակցեցի քասթինգին»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Լիլի Էլբակյանն ու հավելեց՝ մրցանակն անսպասելի էր․ուրախությունն ու ոգևորվածությունն էլ այդ առումով կրկնակի ։
Մանկավարժական համալսարանը շնորհավորում է Լիլի Էլբակյանին և մաղթում ստեղծագործական նոր վերելքներ։