Օրերս կայացավ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս անգամ նվիրված էր Հայաստանի թատերական գործիչների միության 75-ամյակին։
ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետի Ռեժիսուրայի ամբիոնի դասախոս, ռեժիսոր Լիլի Էլբակյանը հաղթող ճանաչվեց «Լավագույն երիտասարդ ռեժիսոր» անվանակարգում:
Երիտասարդ ռեժիսորը old.aspu.am-ի հետ զրույցում նշեց, որ մրցանակաբաշխությանը «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում նախատեսել էր առաջադրել իր բեմադրած «Դեկամերոն» պիեսը: Պարզվել է, որ անվանակարգն այլևս չկա, սակայն ներկայացումը հաջողություն է բերել մեկ այլ անվանակարգում .«Դեռևս անցած տարի իմ ղեկավարծ կուրսի հետ ավարտական քննություններին ընդառաջ ընտրվեց, մշակվեց ու բեմադրվեց Բոկաչչոյի «Դեկամերոն»-ը: Կուրսի 10 ուսանողուհիների հետ որոշեցինք նոր շունչ հաղորդել վաղ իտալական վերածննդի ամենահայտնի գործերից մեկին: Ապագա ռեժիսորները հանդես եկան նաև որպես դերասաններ՝ խաղալով հակառակ սեռի համար նախատեսված դերերում»:
Լիլի Էլբակյանը հավելեց, որ պիեսը միասնական աշխատանքի արդյունք է, հետևաբար՝ մրցանակն էլ բոլորինն է:
Բոկաչչոյի «Դեկամերոն»-ը տեղ է գտել «Էդգար Էլբակյան» թատրոնի խաղացանկում. այն ներկայացված է նաև «Արտ ֆեստ» երիտասարդական փառատոնում: