ՀՊՄՀ գրադարանում կայացավ բուհի նախկին դասախոս Լիլիթ Խաչատրյանի արձակ և չափածո ստեղծագործությունների «Կարոտի բույրը» ժողովածուի շնորհանդեսը։
ՀՊՄՀ Լեզվաբանական հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար, պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանը նկատեց՝ դստեր գեղարվեստական երախայրիքը ներառում է արձակ էջեր, բանաստեղծություններ, արձակ բանաստեղծություններ, քնարական մտորումներ, էտյուդներ և զանազան ուրվապատկերներ, որտեղ անուրջը դառնում է իրականություն, իսկ պոեզիան կամ արձակը հայտնվում են իրականության ու պատրանքի միջև։
Լիլիթ Խաչատրյանը ավարտել է ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետը, 2002 թվականից աշխատում է Լոս Անջելեսի Համազգային Արևմտյան շրջանի գրական միավորումում որպես գրաբարի դասախոս, սակայն չի խզում կապը հայրենի եզերքի հետ։
Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը, ողջունելով շնորհանդեսի մասնակիցներին, ներկայացրեց Լիլիթ Խաչատրյանի անձը և գրքի գեղարվեստական միտումները՝ որպես արդի գրականության դիտարժան վեկտորներ։
«Կարոտի բույրը» գրքի առաջաբանը գրել է պրոֆեսոր Ալբերտ Մակարյանը․ բարձր գնահատելով գրքի գեղարվեստական արժանիքները՝ նկատում է․«Հեղինակը կյանքին նայում է իր բյուրեղյա հոգու պրիզմայի միջով, իսկ այնտեղից մեզ են ներկայացվում հավերժ մարդկային զգացումներ՝ կարոտ, տունդարձի հոգեթով թրթիռներ, սիրո նրբանուրբ ելևէջներ, ազգային և կենսաբանական ինքնության և հոգեգիտակցական ըմբռնումներ»։
Բանախոսները յուրովի ներկայացրին գրքի բովանդակային հարցադրումներն ու դրանց բանասիրական լուծումները։
ՀՀ ԳՄ անդամ Տիգրան Նիկողոսյանը, գրող, հրապարակախոս Վրեժ Սարուխանյանը, բանաստեղծ, թարգմանիչ Հովհաննես Սարոյանը խոսեցին Լիլիթ Խաչատրյանի աշխարհընկալման, անհատների կերպավորման, հիշողությունների գեղարվեստական մարմնավորման և խոհափիլիսոփայական դատողությունների խորքային վեկտորների մասին։
Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր, դոցենտ Դավիթ Գյուրջինյանն էլ նկատեց՝ Լիլիթ Խաչատրյանը ժամանակին եղել է իր ուսանողուհին, և դեռ այն ժամանակ էր զգացվում նրա հետագա ճախրանքը․ «Նա կարողացել է իրեն ազատ զգալ մի շարք ժանրերում՝ արձակ, չափածո, արձակ բանաստեղծություն, նովել և այլն»,- նշեց բանախոսը։
Գրքի հեղինակը՝ Լիլիթ Խաչատրյանը, երախտագիտություն հայտնեց բուհի ղեկավարությանը, ներկաներին, ելույթ ունեցողներին և իր կուրսընկերներին, որոնց հետ բուհն ավարտել է շուրջ երեսուն տարի առաջ, իսկ այսօր գրքի շնորհանդեսը նրանց դարձյալ հավաքել է հարազատ կրթօջախի հյուրընկալ սրահում․«Օտար ափերում կարոտում եմ Հայաստանը, իսկ հայրենիքում հպարտանում եմ Հայաստանով և այն ամենով, ինչ արժեք է կարոտած հոգու համար»,-նշեց Լիլիթ Խաչատրյանը։
«Կարոտի բույրը» ժողովածուն օգտակար կարող է լինել հումանիտար կրթության բնագավառի ուսանողությանը։