Այսօր Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի Ֆակուլտետում կայացավ օպերատորության 1-2-րդ կուրսերի ուսանողների արած լուսանկարների ցուցադրությունը:
Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի դասախոս Շավարշ Վարդանյանի ղեկավարած կուրսերը ցուցահանդեսին ներկայացրել էին բազմաժանր աշխատանքներ՝ բնանկար, նատյուրմորդ, դիմանկար, ժանրային նկար՝ շուրջ 200 լուսանկար:
Ընտրությունը կատարել էր կուրսեղը՝ ներառելով ինչպես ուսումնառության կարճ ժամանակահատվածում Օպերատորության վարպետության հիմունքներ առարկայի շրջանակներում սովորած և լուսանկարներում կիրառած ուսանողների հաջողված աշխատանքները, այնպես էլ նրանց՝ նախկինում ստեղծած և հաջողված մի շարք լուսանկարներ. «Առաջին հերթին հաշվի եմ առել գաղափարը կադրի ներսում, կոմպոզիցիոն ճիշտ ստեղծված կադրը, լույսի ընտրությունը, օպտիկան և թե ինչպես են նրանք տեսնում երևույթները: Լուսանկարների հեղինակները սկսնակ են և դեռևս ոչ փորձառու, ընտրությունը խիստ չի կատարվել, քանի որ նրանք դեռ սովորելու շատ բան ունեն»,-նշեց Շավարշ Վարդանյանն ու հավելեց՝ ցանկալի է, որպեսզի աշխատանքներում գերակշռեն ժանրային նկարները, արհեստական լույսի հետ աշխատանքը շատ լինի. ի տարբերություն բնության մեջ արված լուսանկաների, տաղավարային լուսանկարչությունն առավել մեծ վարպետություն է պահանջում:
Շավարշ Վարդանյանը հույս հայտեց, որ ֆակուլտետում շուտով կլուծվի նաև տեխնիկական հագեցվածությամբ լի տաղավարի գործարկումը, ինչը կօգնի ուսանողին ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքները կիրառել գործնականում, ապա հավելեց, որ ցածր կուրսերում ուսանողներին սովորեցնում է ճիշտ, գրագետ լուսանկարելու արվեստը, ապա հերթը՝ կադրը, պատկերը շարժելունն է:
Ցուցահանդեսին շուրջ 14 լուսանկար ներկայացրած 2-րդ կուրսի ուսանող Վահե Ներսիսյանն առաջին անգամ է մասնակցում նման ցուցադրության: Իր ստեղծած գործերից դժվարանում է առանձնացնել որևէ մեկը, թեպետ չի թաքցնում՝ կան նաև սիրելիները: Հանդիպած դժվարություններից նշում է մի քանիսը՝ նկատելով, որ հատկապես բարդ էր գտնել տվյալ օբյեկտի սեփական դիտանկյունն ու այնպիսի կադրեր, որոնք դեռևս չէին որսացել:
Կարևորելով բուհական կրթությունը՝ Վահեն ընդգծեց՝ համալսարանն ու այստեղ աշխատող պրոֆեսիոնալներն են տվել մասնագիտական այն կրթությունը, որը կբացի լուսանկարչական աշխարհի բոլոր գաղտնիքները:
Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի վարիչ Ռուբեն Երզնկյանը, կարևորելով ֆակուլտետում արդեն մշտական դարձած ցուցադրությունները, խոստովանեց, որ չնայած սկզբում եղած թերահավատությանը, այս մեկը տարբերվում է. չունի թեմատիկա, իսկ մասնակիցներն էլ ապագա օպերատորներ են: Ամբիոնի վարիչը ցուցադրությունը յուրատեսակ խրախուսման ձև դիտարկեց, որը կօգնի ուսանողներերի մտածողության ձևավորմանն ու երևակայության զարգացմանը:
Ֆակուլտետի դեկան Գևորգ Թադևոսյանն էլ անկեղծացավ՝ ֆոտոարվեստն իր համար սիրելի է և մեծ ուշադրություն է դարձնում այդ ոլորտին.«Այս ցուցահանդեսն ինձ ապշեցրեց բարձր պրոֆեսիոնալիզմով, հետաքրքիր լուսանկարներով. ամեն նկարի մոտ կանգնել ու նայել եմ. դրանցից յուրաքանչյուրն ունի իր ձեռագիրը, պատմությունն ու կյանքը. դրանցում արվեստ կա»:
Ի դեպ, լուսանկաների ցուցադրությանը ներկա էր նաև Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, ով նույնպես դասախոսում է Մանկավարժականում: old.aspu.am-ի հետ զրույցում արվեստի վաստակավոր գործիչը նշեց, որ թեպետ առկա էին թերություններ, սակայն հետաքրքիր գործերի պակաս չկար: Հատկանշական է, որ նույն օբյեկտը տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընկալել: Վերջինս հույս հայտնեց, որ ցուցահանդեսին մասնակցած տաղանդավոր ուսանողներն իրենց մասնագիտական կրթությունը կշարունակեն նաև մագիստրատուրայում, որտեղ նրանց կարիքն իսկապես զգացվում է: