Օրերս լույս է տեսել «Ֆրանսիացի հայագետներ (19-20-րդ դարեր)» մեծածավալ մենագրությունը: Հեղինակը Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանն է:
Մենագրությունում ներկայացված է 19-20-րդ դարերի ֆրանսիացի նշանավոր հայագետների հայագիտական ժառանգությունը: Գրքում զետեղված են նաև մեր օրերի խոշորագույն հայագետ Ժան-Պիեռ Մահեին նվիրված երկու հոդվածներ՝ համառոտ կենսագրական ակնարկով:
Գիրքը պրոֆեսոր Դոլուխանյանի երկար տարիների աշխատանքի արդյունքն է: Ըստ հեղինակի, ո´չ հայ, ո´չ արտասահմանյան գրականության մեջ նման խորությամբ ու ծավալով անդրադարձ դեռևս չի եղել:
«Ֆրանսիացի հայագետներ շատ կան, սակայն աշխատության մեջ ընդգրկել եմ ամենանշանավորներին, որոնք հայ գրականությունն աշխարհին ներկայացնելու գործում մեծ ներդրում են ունեցել: Նրանք հայ գրականությունը, պատմությունն ու մշակույթը կապում են համաշխարհայինին և ցույց տալիս մեր դերը բոլոր ժամանակներում»,-www.old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Աելիտա Դոլուխանյանը:
Պրոֆեսորն այն կարծիքին է, որ երբեմն հայերն ընկնում են ավելորդ չափազանցության մեջ՝ չիմանալով հայերի իրական դերը համաշխարհային պատմության մեջ, այնինչ օտարն առավել օբյեկտիվ և համաշխարհային պատմության, մշակույթի համատեքստում է վերլուծում, ուսումնասիրում և բացահայտում հայ ժողովրդի դերը: Նա այն համոզմունքին է, որ անցյալի եվրոպացի հայագետների գիտական ժառանգությունը Հայաստանի գիտնականների և հանրության համար հասանելի դարձնելը առավել քան արդիական է:
«Ֆրանսիացի հայագետները մեծ նվիրում են ունեցել հայ ժողովրդի պատմության և մշակույթի նկատմամբ: Նրանք եղել են իսկական նվիրյալներ, քանի որ աշխարհին նայել են որպես համամարդկային ժառանգության»,-հավելեց ԳԱԱ թղթակից անդամն ու վստահեցրեց, որ հետագայում նպատակ ունի անդրադառնալ նաև անգլիական հայագիտությունը:
Խոսելով աշխատության առանձնահատկությունների մասին՝ գրականագետը նշեց, որ այն ունի առանձնահատուկ նշանակություն իր գիտական կենսագրության մեջ. այն գիտնականի՝ հայ ժողովրդի գրականության, պատմության վերաբերյալ սեփական մտորումների և երկարատև աշխատանքի հանրագումարն է:
«Ֆրանսիացի հայագետներ (19-20-րդ դարեր)» մենագրությունը նախատեսված է հայագետների, հայ ժողովրդի պատմությունն ու գրականություն ուսումնասիրողների, ընթերցող լայն հանրության համար:
Այն տպագրվել է ՀՀ ԳԱԱ գիտահրատարակչական խորհրդի և Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ՝ Համահայկական հիմնադրամի օժանդակությամբ Ֆրանկոֆոնիայի 17-րդ միջազգային գագաթաժողովի շրջանակներում: