ՀՊՄՀ-ի Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնում կայացավ «Մշակութային անցուդարձ» ուսանողական հոդվածների 8-րդ ժողովածուի շնորհանդեսը: Հոդվածների հեղինակ-ուսանողները հանդես եկան զեկուցումներով՝ ներկայացնելով իրենց վերլուծությունները, թեմատիկ դիտարկումներն ու հիմնական եզրահանգումները։
Ժողովածուն ներառում է 18 հոդված, որոնք տարբերվում են իրենց թեմատիկ ընդգրկմամբ՝ հայկական հոգևոր և նյութական մշակույթի ուսումնասիրությունից մինչև ժամանակակից արվեստի զարգացումներ, մշակութային քաղաքականության հիմնախնդիրներ, թանգարանային գործ, արվեստի ընկալման արդի միտումներ։
«Մշակութային անցուդարձ» շարքը արժեքավոր հարթակ է ուսանողներին գիտական դաշտ ներգրավվելու համար։ Ինչպես նկատում են նախաձեռնողները՝ նախագիծը ոչ միայն խթանում է նրանց հետազոտական և վերլուծական կարողությունները, այլև դառնում առաջին գիտակրթական փորձառությունն ու կարևոր քայլ գիտական աշխարհում, հնարավորություն տալիս ուսանողներին ձևավորել քննադատական մտածողություն, մշակել գիտական լեզու և հանդես գալ որպես երիտասարդ հետազոտողներ։
Նշենք, որ նախագծի հիմնադիրն ու խմբագիրը Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնի դոցենտ Սաթենիկ Մելիքյանն է, որն իր հետևողականության, պրոֆեսիոնալ ուղղորդման և ուսանողների ստեղծագործ ներուժը բացահայտելու շնորհիվ կարողանում է հետաքրքրություն առաջացնել՝ նախաձեռնությանը միանալու, սեփական գիտական հետաքրքրությունները համարձակորեն ձևակերպելու և ներկայացնելու։