ՀՊՄՀ-ում կայացավ Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնի նախաձեռնությամբ հրատարակվող «Մշակութային անցուդարձ» 6-րդ ժողովածուի շնորհանդեսը։
Ժողովածուում տեղ է գտել ուսանողների հեղինակած 12 հոդված, որոնցում ներկայացված են ազգային մշակույթի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ հետազոտություններն ու դրանց վերացման հնարավոր լուծումների առաջարկները:
Ապագա մշակութաբաններին, արվեստի տեսաբաններին կարևոր իրադարձության առթիվ շնորհավորեցին Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը, Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Սյուզաննա Գրիգորյանը։
Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Մելիքյանը նկատում է՝ նախորդ՝ 2017-2022 թթ. ժողովածուների հոդվածների հետ համեմատ, կա թեմաների բազմազանություն, քննադատական բնույթի նյութերի քանակական աճ, առավել հաճախ են լուսաբանվում հայ մարդուն հուզող, հազարամյակների ընթացքում ձևավորված արժեհամակարգի հիմքը կազմող հայեցի մտածելակերպը խաթարող դրսևորումներ․ «Թեմաների ընտրությունը, դրանց լուսաբանելու, շեշտադրումներ կատարելու, առաջնայինը երկրորդականից զատելու հմտությունները, մեկ անգամ ևս փաստում են՝ Մեծ Լուսավորչի անունը կրող կրթական հաստատության շրջանավարտները, մասնավորապես՝ մտավորականության սերուցքը կազմող մշակույթի և արվեստի ոլորտի ապագա մասնագետները, կայուն և անսասան են իրենց համոզմունքներում և պատվով կստանձնեն ազգային արժեքների պահպանման դժվարին, բայց պատվավոր առաքելությունը»։
Սաթենիկ Մելիքյանը կարծում է, որ հայ մշակույթի և արվեստի ուսումնասիրության գործը դառնում է առավել նպատակային, բազմակողմանի և աստիճանաբար ուրվագծում է արդի արվեստաբանների արժանի հերթափոխը: