Լույս է տեսել «Հոգեբանական հետազոտություններ N(1)» ուսանողանական հետազոտական աշխատանքների ժողովածուն, որն ամփոփում է ՀՊՄՀ Ակադեմիկոս Մկրտիչ Մազմանյանի անվան հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվող ամենամյա գիտաժողովի ուսանողական նյութերը։
Ժողովածուում ներկայացված են «Հոգեբանություն» մասնագիտության բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների իրականացրած հետազոտական աշխատանքները՝ նվիրված ոլորտի արդի հիմնախնդիրներին:
Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Ռուզաննա Պետրոսյանը կարևորեց նախադեպը չունեցող ձեռնարկի լույսընծայումը՝ հույս հայտնելով, որ այն կլինի շարունակական՝ ուսանողների համար դառնալով գիտություն տանող ճանապարհին կարևոր քայլ։
Ֆակուլտետի դեկանի դիտարկմամբ՝ համալսարանը գիտության լաբորատորիա է․ նկատում է՝ ժողովածուում տպագրվելը կօգնի դառնալ դրա կարևոր մասնիկն ու հաջորդ տարիներին շարունակել իրենց նախորդների գիտական գործունեությունը։
Ռուզաննա Պետրոսյանն իր գոհունակությունը հայտնեց ուսանողներին գիտական հետազոտություններն իրականացնելիս ուղղորդած և աջակցած դասախոսներին, այդ թվում՝ ամբիոնի վարիչ Լևոն Սարգսյանին։
Վերջինս, ի դեպ, ժողովածուում տեղ գտած նյութերի առանձնահատկությունը համարեց ուսանողական աշխատանքների հետազոտական բաղադրիչը, շնորհակալություն հայտնեց խմբագրական կազմին և հույս հայտնեց, որ Ուսանողական գիտական ընկերությունն առավել ակտիվ նեգրավված կլինի գործընթացում։
Գիտական ղեկավարները վստահ են՝ ձեռնարկի լույսընծայումը կլուծի հետազոտական բաղադրիչի հետ կապված խնդիրներն ու կբարձրացնի հետազոտական աշխտանքի նկատմամբ պահանջները․ «Ուսանողները կսովորեն կատարել հետազոտական աշխատանք․ թող դրանք լինեն փոքր, բայց որակյալ»,- նշեց դասախոս Արաքսյա Կաթունյանն ու հավելեց՝ սա այն ճանապարհն է, որ կտանի դեպի առողջ մրցակցություն։