Մանկավարժական համալսարանում էր ՌԴ Յարոսլավի պետական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, Հոգեբանական գիտությունների միջազգային ակադեմիայի նախագահ Վասիլի Կոզլովը։
Հոգեբանական գիտությունների միջազգային ակադեմիան և ՀՊՄՀ-ի Հոգեբանության ամբիոնը համագործակցում են երկար տարիներ։
Պրոֆեսոր Վասիլի Կոզլովի այցի նպատակն էր ամփոփել համագործակցության արդյունքները, նախանշել գործընկերության նոր ուղիներ, քննարկել դրանց իրագործման հնարավորությունները։
Վերջինս Ակադեմիայի նախագահության անունից բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանին հանձնեց «Ակադեմիայի իսկական անդամ»-ի, Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանին և Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Ռուզաննա Պետրոսյանին՝ «Ակադեմիայի թղթակից անդամ»-ի վկայագրեր, իսկ պրոֆեսոր Վլադիմիր Կարապետյանին՝ Ակադեմիայի բարձրագույն պարգև՝ հոգեբանության ոլորտում ունեցած ավանդի համար։
ՀՊՄՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը շնորհակալություն հայտնեց մանկավարժական մայր բուհում հյուրընկալվելու, արդյունավետ համագործակցության համար և հույս հայտնեց, որ հանդիպումներն այսուհետ կլինեն առավել հաճախ՝ հաշվի առնելով երկու հաստատությունների գործունեության ընդհանուր ուղղություններն ու հետաքրքրությունները։ Պրոֆեսոր Գևորգյանը վստահ է՝ բուհի հոգեբանության ամբիոնի դասախոսներն իրենց մասնագիտական գործունեության մեջ հաջողությամբ կներդնեն Ակադեմիայի առաջնահերթ ուղղությունները՝ հիմք դնելով բուհ-ակադեմիա համագործակցության ամրապնդման։
Ռեկտոր Սրբուհի Գևորգյանը բուհի Գիտական խորհրդի որոշմամբ՝ Հոգեբանական գիտությունների միջազգային ակադեմիայի նախագահ Վասիլի Կոզլովին հանձնեց «Մանկավարժական համալսարան» մեդալ և ևս մեկ անգամ վստահություն հայտնեց, որ այս հանդիպումը նոր շունչ կհաղորդի հետագա համագործակցությանը:
Վասիլի Կոզլովը շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար, ներկայացրեց 30-ամյա ակադեմիայի նոր և հիմնական ուղղությունները։
Հայ և ռուս գործընկերները հանդիպմանը շեշտադրեցին հատկապես համատեղ տպագրություններ և պաշտպանություններ կազմակերպելու անհրաժեշտությունը, ինչպես նաև երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավվածությունը հաստատությունների գիտաչափական շտեմարաններում։