Մանկավարժական համալսարանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղն այսուհետ համագործակցելու են «IELTS նախապատրաստական դասընթացներ» նախագծի շրջանակում: ՀՊՄՀ-ի պրոռեկտոր Արա Երեմյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը կնքեցին հուշագիր, ըստ որի՝ Մանկավարժական համալսարանում իրականացվելու է IELTS քննության նախապատրաստական դասընթացներ, ինչպես նաև համալսարանի ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր:
IELTS (International English Language Testing System) քննությունն անգլերեն լեզվի ամենաճանաչված թեստն է աշխարհում: Տարեկան աշխարհում շուրջ 2 միլիոն մարդ հանձնում է IELTS քննություն: 9 000 կազմակերպություններ աշխարհի 140 երկրներում` այդ թվում պետական, ակադեմիական և աշխատանքային հաստատություններ, ճանաչում և ընդունում են IELTS քննությունը: Հայաստանի կառավարությունը ևս IELTS քննությունն ընդգրկել է ասպիրանտուրա ընդունվելու համար հանձնվող անգլերեն լեզվի թեստերի թվում:
ՀՀ ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը, կարևորելով հուշագրի ստորագրումը, ընգծեց. «Կրթական համակարգում աստիճանաբար տեղի են ունենում զարգացումներ՝ միտված դեպի համալսարանների միջազգայանացումը, ինչպես նաև հնարավորություն է ընձեռվում ուսանողներին ուսումնառել աշխարհի առաջատար բուհերում»: Նախարարի տեղակալը նկատեց, որ կենտրոնի բացում Մանկավարժական համալսարանին հնարավորությոն կտա զարգացնելու իր ձեռնարկատիրական գործունեությունը, քանզի այստեղ կարող են ուսանել ոչ միայն ուսանողները, այլև՝ ցանկացած անձ:
Բուհի պրոռեկտոր Արա Երեմյան նկատում է՝ ծրագրի ներդրման համար բավականին երկար աշխատանք է տարվել: «Ծրագիրը կխթանի ոչ միայն Մանկավարժական համալսարանի, այլև առհասարակ բոլոր ուսանողների՝ այս ծրագրով առավել լավ նախապատրաստվելուն: Մեր ուսանողների համար կարևոր է օտար լեզվի լավ իմացությունը, այն հնարավորություն կընձեռի, որպեսզի բուհը միջազգային ասպարեզում ավելի տեսանելի լինի և կարողանա իրականացնել փոխանակման առավել ընդլայնված ծրագրեր»,- ընդգծեց պրոռեկտորը և հավելեց՝ դասընթացներ իրականացվելու են արդի տեխնոլոգիաների և գերժամանակակից մոթոդների կիրառմամբ:
«Մեր համագործակցության Մանկավարժական համալսարանի հետ շատ երկար պատմություն ունի և ուրախ եմ, որ այս նախաձեռնությամբ այն թևակոխեց մի նոր փուլ: IELTS քննությունը միջազգայնորեն ճանաչելի թեստ է, որը հանձնելով` հնարավորություն է ընձեռվում ուսանել լավագույն համալսարաններում կամ աշխատել արտերկրում: Ուրախ եմ, որ ՀՀ-ում նույնպես կարող են հանձնել այս քննությունը և այն գնալով այստեղ ավելի մեծ ճանաչում է ստանում: Բրիտանական խորհուրդը Հայաստանում IELTS քննության կազմակերպող միակ մարմինն է և նախորդ տարի անցկացրել է ավելի քան 1000 քննություն»,- նշեց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Վերջինը ընդգծեց նաև, որ հաշվի առնելով քննության հանդեպ ցուցաբերվող մեծ հետաքրքրությունն ու պահանջարկը` Բրիտանական խորհուրդը որոշեց նախաձեռնել IELTS քննության նախապատրաստական դասընթացներ:
Դասընթացներն անցկացվելու են Մանկավարժական համալսարանի մասնաշենքում և դասավանդելու են Բրիտանական խորհրդի որակավորումն անցած ուսուցիչները: Դասընթացի տևողությունը վեց շաբաթ է, ընդհանուր 34 ժամ: Սա քննությանն արագորեն ու որակյալ պատրաստվելու հնարավորություն է:
Միջոցառման ավարտին Մանկավարժական համալսարանի «Ավե Մարիա» երգչախումբը՝ Արտաշես Բաբուրյանի խմբավարությամբ կատարեց միջազգային ուսանողական օրհներգը՝ Գաուդեամուսը:
Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի